ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստանի ազգային գրադարանում մասնակցել է Հունահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաջյանին նվիրված բանաստեղծ Հովհաննես Ղազարյանի «Աղոթարան» գրքի շնորհանդեսին: Շնորհանդեսը կազմակերպել էին Հայկական ուսումնասիրությունների «ԱՆԻ» կենտրոնը, Հայաստանի գրողների միությունը և Հայաստանի ազգային գրադարանը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Հրանուշ Հակոբյանը հանդես է եկել ողջույնի խոսքով:
Նախարարը շնորհավորել է Հունահայոց թեմի առաջնորդին ծննդյան 50-ամյա տարեդարձի առթիվ և կարևորել Հունաստանի հայ համայնքում հայապահպանությանն ուղղված, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների իրականացման գործում Սրբազանի ջանքերը: «Համոզված եմ, որ այս ամենածաղկուն և բեղմնավոր տարիքում նորանոր ձեռնարկներով և բազմաթիվ գործերով Դուք նոր լիցքեր կհաղորդեք Հայոց թեմին, և մենք ականատեսը կլինենք Ձեր հայանպաստ նոր ծրագրերի իրակացմանը»,-ընդգծել է նախարարը:
Այնուհետև Հրանուշ Հակոբյանն անդրադարձել է բանաստեղծ Հովհաննես Ղազարյանի «Աղօթարան» գրքին՝ նշելով. «Հովհաննես Ղազարյանը պոեզիայի միջոցով յուրովի է մեկնաբանել Հունաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճյանի հոգևոր և ազգային գործունեությունը` այն անմահացնելու համարձակ նախաձեռնությամբ»:
Սփյուռքում հայագիտության զարգացման, Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդման գործում ունեցած ծառայությունների համար նախարար Հրանուշ Հակոբյանը Հունաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճյանին պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության և Վենետիկի Մխիթարյան միաբանության համատեղ «Հակոբ Մեղապարտ» մեդալով:
Ն,Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության խոսքը ներկաներին է փոխանցել Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, Խորեն արքեպիսկոպոս Տողրամաջյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Հովհաննես Ղազարյանի գրչակից ընկերները, ազգային գործիչներ, մտավորականներ:
Տեր Խորեն արքեպիսկոպոսի հոգևոր և համայնքային գործունեության մասին գնահատանքի խոսքով է հանդես եկել ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկտչյանը՝ Հունաստանի Հայոց թեմի առաջնորդին պարգևատրելով ՀՀ ԿԳՆ հուշամեդալով:
Հովհաննես Ղազարյանի նախաձեռնությունը կարևորել և զեկուցումներով են հանդես եկել Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բանաստեղծի գրչակից ընկերները և գրականագետներ: