Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված հետաքննության շրջանակում ձերբակալված ժանդարմների թիվը հասել է 10-ի:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է թուրքական Demokrat Haber լրատվական կայքը, օգոստոսի 12-ին հարցաքննության են կանչվել մեկսպա, երկու ենթասպա, ապա այդ երեքժանդարմներից մեկը ձերբակալվել է, իսկ մյուս երկուսը ազատ են արձակվել դատարանի հսկողության տակ մնալու պայմանով:
Կայքը հայտնում է, որ Դինքի գործով օգոստոսի 3-ին ձերբակալվել են Ստամբուլի ժանդարմերիայի աշխատակիցներ Աբդուլլահ Դինչը եւ Յավուզ Բոզջան, օգոստոսի 7-ին` Տրապիզոնի ժանդարմերիայի աշխատակից Էրգին Յորուլմազը, օգոստոսի 9-ին` նախկին ենթասպա Էմրե Ջինգյոզը, օգոստոսի 10-ին` Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզական բաժնի աշխատակիցներ Վոլքան Շահինը, Շերեֆ Աթեշը, Օքան Շիմշեքը, Հուսեին Յըլմազը եւ Գազի Գյունայը: Վերջին ձերբակալության հետ միասին Դինքի գործով կալանքի տակ վերցված ժանդարմների թիվը հասել է 10-ի:
Կայքը մեջբերել է ուշագրավ մի դիտարկում եւս` նշելով, որ Դինքի սպանության ժամանակաշրջանում Տրապիզոնի ոստիկանության հետախուզության բաժնի աշխատակից ոստիկան Օզքան Մումջուն հարցաքննության ժամանակ հայտարարել էր, որ Դինքի սպանությունը նախապատրաստվելու մասին միայն ինքը` Հրանտ Դինքը տեղյակ չէր:
«Դինքի սպանությունը նախապատրաստվելու ժամանակ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը (MIT) եւ ժանդարմերիայի հետախուզական բաժինները դրա դեմ ոչինչ չեն արել», -ասել էր նա:
CNNTurk լրատվական գործակալությունն ավելի վաղ հաղորդել էր, որ Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից Դինքի սպանության գործով հետաքննության շրջանակում ձեռք բերած հեռախոսային ձայնագրություններից պարզ էր դարձել, որ սպանության օրը մարդասպան Օգյուն Սամասթին հետեւել են թուրքական ժանդարմերիայի հետախուզական ծառայության 6 աշխատակիցներ:
Սպանության վայրում տեսախցիկների վերստուգումից բացահայտվել է ժանդարմերիայի մեկ կապիտանի եւ 5 ենթասպայի ինքնությունը, որոնցից մի քանիսը շարունակում են ծառայությունը, իսկ մի քանիսն էլ արդեն անցել են թոշակի:
Տեսախցիկների գրանցումների եւ հեռախոսային խոսակցությունների քննությունից պարզվել է, որ սպանության նախորդ օրը հիշյալ «իրավապահները» զբոսնել են «Ակոս»-ի խմբագրատան մոտ, որտեղ սպանվել էր Դինքը: Նրանք նույն տեղում հայտնվել են նաեւ սպանության օրը` սպանությունից երկու ժամ առաջ: Նրանք հետեւել են Օգյուն Սամասթին այն պահից սկսած, երբ նա ժամանել է դեպքի վայր: Ժանդարմները մարդասպանին որոշ ժամանակ հետեւել են սպանությունից հետո եւս:
Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջեւ զինված հարձակման արդյունքում:
2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:
2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում էր կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:
Այս անգամ բոլոր ամբաստանյալներին պետք է առաջադրվեր «հանցավոր խմբավորման ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, որոշումներ էին ընդունվել Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ: