տուն Լուրեր Հրադադարի խախտման ամեն մի դեպք պետք է դարձնել Ադրբեջանին ճնշելու գործիք

Հրադադարի խախտման ամեն մի դեպք պետք է դարձնել Ադրբեջանին ճնշելու գործիք

117
0

Melik-Shahnazaryan_0

«Այս իրավիճակը հետևանքն է բանակցային գործընթացի տապալման: Ադրբեջանը հետևողականորեն գնում էր այդ ճանապարհով և ո՛չ միջնորդները,  ո՛չ տարածաշրջանային անվտանգությամբ զբաղվող խոշոր պետությունները, ովքեր գործիքներ ունեին ազդելու, մեծ հաշվով չազդեցին, չկանխեցին իրավիճակի այսպիսի ընթացքը»,-վերջին տասնօրյակում զարգացող սահմանային լարվածությանը և դրա հետ կապված բանակցային գործընթացներին araratnews.am-ի հետ զրույցում անդրադարձավ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Բանակցային գործընթացներում ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցության արդյունավետության վերաբերյալ  քաղաքագետը նշեց.«Հիմա ասել, որ Մինսկի խումբը չի կարող ոչինչ արդյունավետ անել, կարծում եմ այնքան էլ տեղին չէ և Մինսկի խումբը չէր կարող այդպես գործել անգամ այն ժամանակ, երբ հակամարտությունը վերահսկվող իրավիճակում էր: Նրանք չունեն համապատասխան գործիքներ Ադրբեջանին ճնշելու համար: Այս տարիների ընթացքում փորձել են լինել ընդամենը հարթակ, որտեղ հնարավոր կլինի կազմակերպել երկու երկրների ղեկավարների հանդիպումները և ոչինչ ավելին»:

Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ հայկական կողմը բանակցությունների ընթացքում պետք է հիմնվի երկու կարևոր ճշմարտությունների վրա.«Առաջինն այն է, որ Ադրբեջանի ռազմական  արշավը տապալվեց, Ադրբեջանը պարտվեց և այդտեղ մենք ունեցանք ևս մեկ փոքրիկ հաղթանակ, հետևաբար՝ պարտադրողի դիրքերից խոսող ենք: Երկրորդն այն է, որ պետք է հասկանալ Ադրբեջանի կարողությունների մասին, և ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև այն կողմերի, ովքեր հնարավորինս աջակցել են Ալիևի վարչակազմին, այս գործողությունները սկսելու համար: Ավելի մեծ հնարավորություններ` խնդիրների լուծման տեսակետից, Ադրբեջանն այսօր չունի, սա փաստ է և պետք է բանակցությունների ընթացքում՝ ինչ մակարդակում էլ ընթանան այդ բանակցությունները, այդ երկու կարևոր գործոնները պարտադիր ֆիքսել և հասկանալ, որ մեծ հաշվով դրանք այսօր թույլ են տալիս պահանջատիրության մեջ մաքսիմալիստ լինել:

Փաստն այն է, որ քաղաքական մակարդակով, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ամեն մի դեպք, այսօր պետք է դարձնել բավականին լուրջ գործիք՝ Ադրբեջանին ճնշելու, նրանց քննադատելու և պահանջելու համար. դրանք երևի պետք է դնել մեր պահանջատիրության հիմքում, որպեսզի բոլոր դեպքերում անպատիժ չմնան այդ գործողությունները»:

Քաղաքագետը նաև նշեց, որ կապված Ադրբեջանի տնտեսական ճգնաժամի հետ՝ իրավիճակի նոր զարգացումների պետք է սպասել.«Իրատեսական է նման սպասելիքներ ունենալ, որովհետև Ադրբեջանը բացի տնտեսական խնդիրներից ուշադրությունը շեղելուց, նաև այլ կարևոր խնդիր  ունի և եթե այս փուլում ցույց տվեց թուլություն, ապա ապագայում որևէ բանի հավակնել չի կարող: Ալիևը դա հասկանում է, փորձում է ցույց տալ՝ իբր ինքը հաղթող է դուրս եկել այս իրավիճակից և հիմա Ալիևի հիմնական նպատակն իր հաղթանակը ֆիքսելն է, և եթե մարտի դաշտում դա չի հաջողվել, քաղաքական ճանապարներով է փորձում դա անել: Եթե դա այս անգամ էլ չստացվի՝  նա նորից ռազմի դաշտում հաջողություններ որոնելու ճանապարհով կգնա: Այս պահի դրությամբ, ես կարող եմ ասել, որ քաղաքական մակարդակում նրան չի հաջողվում լուծել այդ խնդիրը, հետևաբար, պետք է սպասել դեպքերի հնարավոր զարգացումներին»: