Մի քանի ամսից կլրանա 3 տարին, ինչ ՀՀ քաղաքացի, Ռուսաստանում ավտովթարի գործով 6 տարի 9 ամսվա ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանն անազատության մեջ է:
Հրաչյա Հարությունյանն ունի շաքարային դիաբետ, ողնաշարի ճողվածք
Նրա դուստրը` Լիլիթ Հարությունյանը, մեզ հետ զրույցում հերքեց մամուլում տեղ գտած լուրերը, թե հոր հանդեպ վատ վերաբերմունք կա Տոմբովի գաղութում: «Ստորացման ու տանջելու մասին լուրերը 100 տոկոսով չեն համապատասխանում իրականությանը,- ասաց Լիլիթ Հարությունյանը,- բայց առողջական վիճակն իսկապես վատ է: Ունի շաքարային դիաբետ, ողնաշարի ճողվածք: Որոշ ժամանակ առաջ իմացանք, որ դժվար է քայլում»:
Հարությունյանի առողջական վատ վիճակի մասին մենք տեղեկացրեցինք ՄԻ պաշտպանի գրասենյակին և արդարադատության նախարարությանը: Օմբուդսմենի գրասենյակից մեզ փոխանցեցին, որ Հրաչյա Հարությունյանի վերաբերյալ հարցը մշտապես գտնվում է օմբուդսմենի գրասենյակի ուշադրության ներքո:
Իսկ արդարադատության նախարարությունից հայտնեցին, որ թեև նախարարությունը Հրաչյա Հարությունյանի հարազատների կողմից մինչ այս պահը առողջական վիճակի վերաբերյալ որևէ դիմում չի ստացել, այդուհանդերձ, արդեն իսկ, իր իրավասության շրջանակում, ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ, հարցումներ ուղարկել իրավասու մարմիններին՝ խնդիրը պարզելու նպատակով:
Ավելի քան երկուսուկես տարվա ընթացքում Հարությունյանների ընտանիքի անդամները չեն կարողացել տեսակցել Ռուսաստանի Տոմբով քաղաքի գաղութում գտնվող Հրաչյա Հարությունյանին: Աղջիկն ասում է, որ խնդիրն, առաջին հերթին, գումարային է: Չկա նաև հեռախոսային կապ: Հորից տեղեկություններն իմանում է Ռուսաստանում ապրող ու աշխատող բարեկամների միջոցով, որոնք հանձնուք են փոխանցում Հրաչյա Հարությունյանին:
Այս պահին ընտանիքի հոգսը ծանրացած է Լիլիթ Հարությունյանի ուսերին, որը չորս անդամից բաղկացած ընտանիքի միակ կերակրողն է, միակ աշխատողը: «Ես իմ աշխատանքով ոչինչ չեմ հասցնի, եթե բարեկամների օգնությունը չլինի: Իրենք են մեզ օգնում»,-ասում է Լիլիթը:
Մանրամասներն՝ այստեղ: