Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար, ՀՀ եւ ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ Համիդ Չիթչիանին: Նշենք, որ Իրանի էներգետիկայի նախարարը Հայաստան է ժամանել՝ Երեւանում ապրիլի 13-ին էներգետիկ համագործակցության թեմայով կայանալիք Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով:
Վարչապետը ողջունել է Իրանի էներգետիկայի նախարարի այցը Հայաստան՝ նշելով, որ բարձրաստիճան փոխայցերը նպաստում են երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը եւ հայ-իրանական բազմաոլորտ կապերի զարգացմանը: Երկկողմ առեւտրատնտեսական գործակցության խորացման համատեքստում Հովիկ Աբրահամյանը կարեւորել է ՀՀ եւ ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը՝ գոհունակություն հայտնելով հանձնաժողովի համանախագահների ակտիվ համատեղ աշխատանքից: Վարչապետը ողջունել է Երեւանում էներգետիկ համագործակցությանը նվիրված Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ հանդիպման անցկացումը, որը, նրա խոսքով, կնպաստի տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացմանը եւ համատեղ ծրագրերի իրականացմանը:
Պարոն Չիթչիանը Հովիկ Աբրահամյանին է փոխանցել Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույնները եւ կարեւորել Երեւանում էներգետիկ համագործակցությանը նվիրված Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ հանդիպումը: ԻԻՀ էներգետիկայի նախարարը նշել է, որ նման ձեւաչափով համագործակցության զարգացումը նպաստում է տարածաշրջանային ինտեգրացիայի խորացմանը, էներգետիկ կայունության բարձրացմանը եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը: Համիդ Չիթչիանն արդյունավետ է գնահատել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի աշխատանքները եւ կարեւորել երկկողմ բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված շարունակական քայլերը: