ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի փորձագիտական խումբը հրապարակել է դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ վերջնական զեկույցը:
«Այդ տեսակետների մի մասն Ընտրական օրենսգրքում, կարծես թե, իրենց լուծումները կգտնեն: Մեզ համար կարևոր է գործընկեր միջազգային կազմակերպությունների կարծիքը, պետք է արդարացիորեն նշեմ, որ ինքներս նայելով ու վեր հանելով բոլոր այդ գործընթացները, Ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կիրականացնենք: ԸՕ-ն կգա ԱԺ, կքննարկվեն համապատասխան դրույթները ու կստանան պատասխան»,- մեզ հետ զրույցում, անդրադառնալով զեկույցում տեղ գտած դիտարկումներին, ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Մեր հարցին` այսինքն դիտարկումները տեղի՞ն են, Սահակյանը պատասխանեց. «Կան դիտարկումներ, որոնք կարելի է տեղին համարել, օրինակ՝ ընտրացուցակների մաքրման գործընթացը. ձևակերպումը մի փոքր կոպիտ է, բայց կարելի է քննարկել օրինակ արտագնա աշխատանքի գնացած քաղաքացիները պե՞տք է մնան ցուցակում, թե՞ ոչ: Հանրապետությունից բացակայելու ո՞ր ժամկետը կհամարվի թույլատրելի,… վերադառնալու դեպքում ի՞նչ սկզբունքով պետք է ընդգրկվի ցուցակում և այլն»:
Ինչ վերաբերում է վստահված անձանց նկատմամբ իրականցված ճնշումներին ու ահաբեկումներին, որոնց մասին նշված է զեկույցում, պարոն Սահակյանն ասաց` դրանք այնքան էլ հիմնավոր չի համարում:
«Մեկ կամ երկու մասնավոր դեպքերը չի կարելի ընդհանրացնել, չեմ կարծում, որ ճնշել են, եթե նման բան լիներ, ապա դրանց մասին արձանագրություն կկազմվեր համապատասխան ընթացակարգերով, եթե լրագրողների աշխատանքը խոչընդոտել են՝ առավել ևս, կլինեին հրապարակումներ: Մեկ-երկու հրապարակում, որոնք եղել են, դրանց հետ կապված հարուցվել են քրեական գործեր, հավաքվել են նյութեր, այսինքն` խնդիրը իրավական հարթության մեջ է»,-ասաց Հանրապետական պատգամավորը:
Հարցին, թե ո՞րն է այդ կառույցի մոտիվացիան «ոչ այնքան հիմնավոր դիտարկումներ անելու», Հովհաննես Սահակյանն ասաց. «Հարցրեք իրենց. ես չեմ կարող ասել»: