տուն Լուրեր Հոկտեմբերի առաջին տասնօրյակում եղանակային պայմանների արտառոց երկու երևույթ է նկատվել

Հոկտեմբերի առաջին տասնօրյակում եղանակային պայմանների արտառոց երկու երևույթ է նկատվել

207
0

սուրենյան

Հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Հանրապետությունում հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ սպասվում է ջերմաստիճանի անկում՝ 4-5 աստիճանով։ Օդի ջերմաստիճանի զգալի անկում է սպասվում Շիրակի և Լոռու մարզերում, Արագածոտնի լեռներում, ինչպես նաև Կոտայքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում: Այս տարածքներում օդի ջերմաստիճանի կտրուկ անկում կնկատվի՝ մինչև  -2-ից 3- աստիճան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Վերջինիս խոսքով՝լեռնային մի շարք շրջաններում կա ցրտահարության վտանգ։ Բանախոսը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 11-ին և 12-ին հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ։

«Հոկտեմբերի 12-ից հանրապետություն կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-ից 4 աստիճանով, Արարատյան դաշտում կգրանցվի 23-24 աստիճանի տաքություն: Մինչդեռ  տաք ջերմաստիճանը երկար չի տևի: Հոկտեմբերի 13-ին հանրապետություն կմտնի միջերկրածովյան հաջորդ ցիկլոնը, որը բավականին տեղումնաբեր է կլինի»,-նշեց նա հավելելով, որ հոկտեմբերի երրորդ տասնօրյակում տեղումների քանակը կլինի ավելի քիչ։

Սուրենյանի խոսքով՝ հոկտեմբերի առաջին տասնօրյակում գրանցված եղանակային պայմաններում արտառոց երկու երևույթ է նկատվել։ Այսպես, հանրապետությունը հոկտեմբերի 1-ից գտնվել է ցիկլոնի ազդեցության տակ, ինչի հետևանքով հանրապետության ողջ տարածքում դիտվել են անձրևներ։ Ընդ որում, անձրևներն ուղեկցվել են ամպրոպով, ինչը հատուկ չէ հոկտեմբերին:

«Արտառոց է նաև այն, որ բացի ամպրոպներից դիտվել է 2 սմ տրամագծով կարկուտ՝ Ուրցաձորում ու Արարատի մարզի մի շարք համայնքներում։ Սա ևս արտառոց է հոկտեմբերի համար, քանի որ այս երևույթն առավել բնորոշ է մայիս և հունիս ամիսներին»,-ասաց նա։

Եզրափակելով Սուրենյանը նշեց, որ վերջին տասը օրերի անձրևներից հետո խոնավությունը հողի մեջ բարձր է, ինչը կարևոր հանգամանք է աշնանացանի բերքատվության բարձր մակարդակի համար։ Ինչ վերաբերում է խոնավությանը, ապա այն նորմայի սահմաններում է: