տուն Լուրեր Հոկտեմբերի 10-ին ամեն ինչ էլ հնարավոր է. Արմեն Մարտիրոսյան

Հոկտեմբերի 10-ին ամեն ինչ էլ հնարավոր է. Արմեն Մարտիրոսյան

123
0

ffghh

Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը araratnews.am-ի հետ զրույցում խոսեց երեկ Աբովյանում տեղի ունեցած հանրահավաքի և եռյակի հետագա քայլերի մասին:

-Պարո´ն Մարտիրոսյան, երեկ կայացավ եռյակի առաջին հանրահավաքը, ինչպիսի՞ն է տպավորությունը, Դուք կարևորում էիք ժողովրդի ակտիվությունը, ակտի՞վ  էին քաղաքացիները:

-Տպավորություններս դրական են: Իհարկե, սկզբում մի փոքր սառնություն կար, բայց դա նրանից էր, որ որևէ մեկը չգիտեր` ինչ կարգախոսներ են հնչելու, ինչ ուղղությամբ են ելույթներ լինելու, իսկ երբ քաղաքացիներն առաջին ելույթները լսեցին, բավական ակտիվացան, արձագանքում էին: Պարզ դարձավ` հավաքվածներն իշխանափոխություն են ուզում, ինչը ես կանխատեսելի էր: Մարզային այցելություններով փորձում ենք հասարակության տրամադրությունը շոշափել, իրենց կարծիքը լսել: Իմ գնահատմամբ  առաջին հանրահավաքը դրական էր:

-Երեկ եռյակի կողմից ի՞նչ հարցերի անդրադարձ եղավ:

-Ներկայացվեց իրավիճակը, լսեցինք քաղաքացիների կարծիքը:

-Մամուլում լուրեր են շրջանառվում, որ հանրահավաքին մասնակցել են սահմանափակ թվով լրագրողներ, ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Լրագրողների տեղափոխմամբ զբաղվում է քարոզչական խումբ, իրենք գուցե պատասխանեն: Անձամբ ես ինձ հետ լրագրողներ եմ տարել Աբովյան, գուցե տեխնիկական խնդիրներ եղել են, բայց ոչ նպատակաուղղված, դա բացառվում է:

-Մոտակայքում եղել են ավտոբուսներ, միկրոավտոբուսներ, գուցե մարդկանց բերե՞լ են հանրահավաքին, այս մասին ինչ կասե՞ք:

-Ինքս էլ, երբ քաղաղացիները ցանկացել են մասնակցել հանրահավաքին ու փոխադրամիջոց չի եղել,  նրանց մեկ-երկու անգամ բերել ենք նշված վայր, բայց դա չի նշանակում, որ մարդկանց պարտադրել ենք: Երեկ ես շրջել եմ տարածքում, այո, կային ավտոբուսներ, միկրոավտոբուսներ, բայց այդ միկրոավտոբուսներով 10 000 մարդ հո՞ չէին բերի, թող բերեին առնվազն 1000 մարդ: Շատ էին անհատական մեքենաները, Աբովյանի քաղաքացիներն էլ, բնականաբար, քայլելով էին եկել: Ի վերջո, կողքի գյուղերից մարդիկ հո՞ ոտքով չէին գա, պետք է ավտոբուսով կամ միկրոավտոբուսով գային: Մարդկանց ոչ ոք ստիպողաբար չի բերել:

-Հնարավո՞ր է` հոկտեմբերի 10-ին եռյակը նստացույց անի:

-Ամսի 10-ին ամեն ինչ էլ հնարավոր է, Դուք նշեցիք սցենարներից ընդամենը մեկը, որ կարող է լինել: Մինչև այդ օրը ժամանակ կա քննարկելու համար` ինչ զարգացումներ են սպասվում։ Պետք է քաղաքացիների կարծիքը լսենք: Կարող է գնանք մյուս մարզեր ու ասեն. «Իշխանություններին շատ-շատ ենք սիրում, Սուրիկ Խաչատրյանի համար էլ խելքներս գնում է»:

-Ենթադրվում է, որ հոկտեմբերի 10-ին ստորագրվելու է Մաքսային միության հետ պայմանագիրը, օրերը համընկնում են, պատահականությո՞ւն է:

-Որոշները նշում են` այդ օրը հատուկ ընտրվել է Մաքսային միությանը դեմ խոսելու համար,  մյուսները հակառակ տեսակետն են պնդում: Կասեմ հետևյալը` ի սկզբանե հայտարարվել է, որ այս համագործակցությունը բացառապես ներքաղաքական խնդիրների շուրջ է, արտաքին քաղաքական խնդիրների շուրջ որևէ գործընթաց չկա. մոտեցումները տարբեր են:

Զրուցեց` Շողիկ Գալստյանը