24 հոկտեմբեր, 1929 — 26 սեպտեմբեր, 2013
Ծնվել է Ստեփանավանում: 1948թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան: 1954թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1954-91թթ եղել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան: 1991թ-ից եղել է Համազգային թատրոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը: 1992թ-ից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որտեղ 1998-2005թթ եղել է ռեկտորը (2003թ-ից` պրոֆեսոր): Կերտել է բազմաթիվ թատերական կերպարներ` Մելքոն` Շիրվանզադեի «Քաոս», Ջոն Պրոկտոր` Միլլերի «Սալեմի վհուկները», Տիբալտ` Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», Զիմզիմով` Սունդուկյանի «Պեպո», Դոն Կիխոտ` Բուլգակովի «Դոն Կիխոտ», Յագո, Ջոն արքա, Լիր` Շեքսպիրի «Օթելլո», «Ջոն արքա», «Լիր արքա», Ադամյան` Հարությունյանի «Խաչմերուկ» (1979թ. ՀԽՍՀ Պետական մրցանակ), Մացակ` Զարյանի «Հացավան», Թաղապետ` Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը» (նաև` ռեժիսոր) և այլն: Նկարահանվել է նաև մի շարք հայկական ֆիլմերում, որտեղ ստեղծել է ազգային տիպական կերպարներ` Քննիչ` «Մենք ենք, մեր սարերը» (1969թ.), Մկրտիչ` «Եռանկյունի» (1967թ., 1975թ.` ՀԽՍՀ Պետական մրցանակ), Զամբախով` «Խաթաբալա» (1971թ.), Սմբատ` «Քաոս» (1973թ.), Նահապետ` «Նահապետ», (1977թ.), Ձորի Միրո` «Ձորի Միրոն» (1980թ.), Համբո` «Գիքորը» (1982թ.), Ասացող` «Մատենադարան» (1983-2002թթ, հեռուստաֆիլմ, 1988թ.` ՀԽՍՀ Պետական մրցանակ) և այլն: Նկարահանվել է նաև այլ կինոստուդիաներում` «Սոլյարիս» (1973թ.), «Երկնագույն մավրիկիոսը», «Հետաքննության հանձնաժողովը» (1978թ.) և այլն:
Հանդես է եկել ասմունքով: Հյուրախաղերով շրջագայել է Լիբանանում, Սիրիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլուր: 1991թ. գրել է «Վարագույրից այս կողմ», 2000թ.` «Ընդհատում», 2010թ.` «Մենք ու մերոնք…» գրքերը: 1972թ. արժանացել է ՀԽՍՀ, 1985թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: 1996թ. պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց», 2001թ.` Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշաններով, ԼՂՀ «Մխիթար Գոշ» մեդալով: 2000թ. արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանը: 2008թ-ից եղել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամ: 2012թ. արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի: Մահացել է Երևանում: