Պարոն Փաշինյանն արդեն ասել է, ավելացնելու բան չունեմ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ արձագանքելով Փաշինյանի այն հայտարարությանը, որ Արցախի իշխանություններն իրենից են առաջին անգամ տեղեկացել բանակցային սեղանի մանրամասների մասին։
Դիտարկմանը՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանը դրանից հետո, ասես, հերքեց Փաշինյանի խոսքերը․ «Դա ձեր մեկնաբանությունն է,- ասաց Մնացականյանը՝ շեշտելով,- մենք մշտապես աշխատում ենք Արցախի իշխանությունների հետ։ Յուրաքանչյուր բանակցությունից առաջ կամ հետո մենք մշտապես աշխատում ենք Արցախի ղեկավարության հետ։ Ես անձամբ շատ սերտ համագործակցության մեջ եմ։ Մենք հստակ ձևաչափ ունենք միասին աշխատելու, որը հստակ արտահայտում է այն քաղաքական գիծը, որը նշված է մեր կառավարության կողմից, որ վերաբերում է Արցախի որոշիչ ձայնին այս բանակցային գործընթացում։ Արցախի մասնակցության հարցը բարդ է, բայց սկզբունքային հարց է»:
Իսկ եղե՞լ են բանակցություններ, որոնց նյուանսների մասին Արցախը տեղյակ չի եղել․ «Մասիս Մայիլյանի հետ մենք ունենք մեր հարցերը, մեր տարբեր մոտեցումները։ Արցախն ունի իր դիրքորոշումները, իր մոտեցումները»։
Ինչ վերաբերում է Փաշինյանի խոսքին, որ Արցախի հարցով տեղի իշխանությունների հետ հանդիպումից հետո ոմանք տակից ինչ-որ գործեր են անում, ասում են՝ հող են ծախում, նախարարն արձագանքեց․ «Հողեր ծախելն ընդհանրապես քննարկման առարկա չէ։ Ինչպե՞ս եք դուք պատկերացնում, որ իշխանություններն անեն որևէ գործառույթ, որը չհամապատասխանի Հայաստանի, հայ ժողովրդի և Արցախի շահերին, և ենթադրի, որ այդ ամենը ամրագրվի պայմանավորվածությամբ։ Չի կարող այդպիսի բան լինել»։