«Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանին, ով ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ ավետարանական եկեղեցու հոգևոր առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին, ոստիկանները քիչ առաջ հայտնաբերել են Երևանում և բերման ենթարկել: Այժմ Փելեշյանը գտնվում է ոստիկանությունում, որից հետո նրան կհանձնեն նախաքննությունն իրականացնող մարմին: Այս մասին Araratnews-ին հայտնեցին ոստիկանության լրատվության վարչությունից:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Araratnews.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց Ռաֆիկ Գրիգորյանը: Նա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 21.00-ին, երբ Արկադի Փելեշյանը 15 այլ անձանց հետ մտել է Հայ Ավետարանական եկեղեցի ու ցանկացել առանձին խոսել Ռ. Գրիգորյանի հետ. «Ասաց, որ ուզում է ինձ հետ առանձին խոսել, ինձ առանձնացրեց, ես էլ այդ սենյակում աթոռներ դրեցի, որ խոսենք, միամտաբար չհասկանալով, որ մի ուրիշ տղա էլ մտավ, ու Փելեշյանը, խմած վիճակում, սկսեց հայհոյել ու խփել գլխիս, իսկ այն մյուս տղան ամեն ինչ անում էր, որ ես չփորձեմ սենյակից դուրս գալ»:
Մեր հարցին, թե ինչը կարող էր ծեծի պատճառը լինել, նա պատասխանեց. «Շաբաթ օրը նրանք թոռնիկիս Արկադիի անունով օրացույցներ են տվել, որ կիրակի օրը դրանք եկեղեցում բաժանեն, բայց թույլ չեմ տվել, և ես ենթադրում եմ, որ պատճառը կարող էր դա լինել»: