Գյումրիի դեպքերից գրեթե մեկ ամիս է անցել, բայց հասարակությունը դեռևս չի մոռացել այնտեղ կատարված ողբերգությունը: Ինչո՞ւ Պերմյակովը դիմեց նման քայլի, արդյո՞ք սա հոգեկան խանգարման արդյունք էր: Պերմիակովի հոգեբանական նկարագրին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ հոգեբան Կարինե Նալչաջյանը:
«Պերմյակովի մոտիվացիան կարող էր ինչպես շահը, այնպես էլ մեղադրանքը լինել: Վերջինիս դեպքում հանցագործը մեղադրում է իր զոհին և անգամ կարող է քնած մարդուն սպանել: Մեզ ծանոթ են մի շարք հանցագործություններ, որոնց ընթացքում հանցագործը չի սպանել երեխաներին: Նրանց սպանելը կարող էր ընտանիքը վերացնելու պատվեր լինել, կամ էլ հանցագործը կարող է էքստազի մեջ լինել և մթագնած վիճակում ամեն մի շարժվող բան իր թշնամին ընկալել: Այս ժամանակ հանցագործը կարող է անգամ վտանգի զգացողություն ունենալ երեխայից: Քնած երեխա և մարդ սպանելու համար բարոյական տհասության զրոյական մակարդակ է հարկավոր»,-նշեց հոգեբանը:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե արդյոք Պերմյակովին կարող է արդարացնել հոգեկան հիվանդ լինելու հանգամանքըˋ բանախոսը նշեց, որ դեռ պետք է լուրջ փորձագիտական եզրակացություն լինի հանցագործի հոգեբանական նկարագրի վերաբերյալ, բացի այդ էլˋ կա պաթալոգիական որոշակի աստիճան, երբ մարդ իր գործողությունների համար պատասխանատվություն է կրում, ուստի հոգեկան որոշակի խանգարումներ հայտնաբերվելու դեպքում մարդը չի ազատվում պատասխանատվությունից:
«Պերմյակովին նայելիսˋ կադրերում ես տեսա մարդու, որը ոչ թե զղջում էր, այլ մտքերի մեջ էր ընկել իր վիճակի հետ կապված: Ես չեմ էլ բացառում, որ Պերմյակովը մենակ չի եղել: Սա այն դեպքն է, որ ոչինչ բացառել չես կարող: Ինչ վերաբերում է նրան, թե ինչը դուրս բերեց գյումրեցիներին փողոց, ապա կարող եմ ասել, որ սա հատկապես երկու պատճառ ուներˋ խաթարվել էր մարդկային սրբությունըˋ ընտանիքը, և պաշտամունքըˋ երեխան, ուստի պատահական չէր, ոչ գյումրեցիները նման կերպ արձագանքեցին»,-նկատեց հոգեբանը:
Վերջինս նկատեց, որ գյումրեցիների ցավը չի մարել և հասարակաությունը սա չի մոռացել, պարզապես իրար հաջորդող դեպքերը, սահմանի լարվածությունը փոքր-ինչ մեղմացրին այդ դեպքերի շուրջ եղած էմոցիաները:
Վարդուհի Ստեփանյան