տուն Լուրեր Հնդկաստանը մերժել է Քաշմիրի հարցում միջնորդի դեր ստանձնելու Թուրքիայի առաջարկը

Հնդկաստանը մերժել է Քաշմիրի հարցում միջնորդի դեր ստանձնելու Թուրքիայի առաջարկը

138
0

01modi-recep

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 1-ին պաշտոնական այցով մեկնել էր Հնդկաստան: Թուրքական Doğan լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ այցի ընթացքում Էրդողանն առաջարկել է միջնորդի դեր կատարել Պակիստանի և Հնդկաստանի միջև վիճելի տարածքների (Քաշմիրի) հետ կապված բանակցություններում:

«Երկու երկրների հետ էլ բարեկամական հարաբերություններ ունեցող Թուրքիան Քաշմիրում թափվող արյունը դադարեցնելու նպատակով կարող է նպաստել Հնդկաստանի և Պակիստանի միջև երկխոսության ակտիվացմանը»,- առաջարկել է Թուրքիայի նախագահը:

Սակայն հնդկական կողմը մերժել է այս առաջարկը՝ համարելով, որ խնդիրը վերաբերում է երկու կողմերի միջև անդրսահմանային ահաբեկչությանը:

Էրդողանը Քաշմիրի խնդրի մասին խոսել է որպես «ընդհանուր մտահոգություն» և նշել, որ Թուրքիան պատրաստ է «լիովին աջակցել» ահաբեկչության դեմ պայքարին:

Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդին Էրդողանի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ համաձայնել է Թուրքիայի նախագահի այն կարծիքի հետ, որ բոլոր երկրները պետք է միավորեն ուժերը ահաբեկչության դեմ պայքարում, սակայն մերժել է միջնորդության առաջարկը:

Հնդկաստանի արտգործնախարարության խոսնակ Գոպալ Բաղլայը թեմայի վերաբերյալ հետևյալ մեկնաբանությունն է արել. «Մենք թուրքական կողմին հայտնեցինք Քաշմիրի և ահաբեկչության հարցում ունեցած մեր մոտեցումը: Նշեցինք, որ ահաբեկչության հարցում որևէ արդարացում չի կարող լինել: Մենք Քաշմիրում տեղի ունեցածը ահաբեկչություն ենք համարում»:

Աղբյուր` Ermenihaber.am