Գերմանական և ֆրանսիական դիվանագիտության ջանքերով հնարավոր եղավ կանխել պատերազմը Եվրոպայի կենտրոնում, «Դոյչէ Վելե» պարբերականի փոխանցմամբ` հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը` նկատի ունենալով ուկրաինական հակամարտության գոտում հրադադարի հաստատումը:
Այսօր` մայիսի 11-ին Բեռլինում «նորմանդական ձևաչափով» տեղի է ունենալու Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպում, որի առանցքում լինելու է Դոնբասում հակամարտության կարգավորման թեման: Շտայնմայերի կարծիքով` հակամարտության գոտում անվտանգության հետ կապված իրավիճակը ավելի բավարար է, ռիսկերն ավելի քիչ են, քան անցած տարի:
Միաժամանակ Գերմանիայի արտգործնախարարը նկատել է, որ Մինսկի համաձայնությունների կատարումն ու հակամարտության կարգավորման գործընթացն առաջ են շարժվում «խխունջի արագությամբ»: Նա կարևորել է գործընթացի արագացումը, այլապես այդ հիմքով հնարավոր չի լինի ակնկալել հրադադարի երկարատև պահպանում: