Երեկ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել «Զինված խմբի» գործով ամբաստանյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խափանման միջոցը փոխելու համար:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում պատգամավորները պնդեցին իրենց երաշխավորությունը: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ հունիսի 25-ը՝ ժամը 16. 00-ը:
Araratnews.am-ը «Զինված խմբի» գործով ամբաստանյալ, խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ դատական համակարգը կարծես չի շտապում փոխել իր վերաբերմունքը «Զինված խմբի» դեպքում, անդամների ազատ արձակման գործընթացը դանդաղում է: «Դա բացատրում եմ դատարանների կիսաանմեղությամբ: Եթե նախկինում մի տեղից էին ցուցումներ ստանում, ապա այսօր այդ ցուցումները բացառվում են: Դատարաններն էլ չեն համարձակվում իրենց ներքին համոզմամբ գնալ եւ օրենքի ուժով կատարել այդ որոշումները»,- ասաց փաստաբանը:
Քաղաքական գործիչները եւս պասիվ են: Մինչ օրս ընդամենը երկու պատգամավոր է միջնորդություն ներկայացրել զինված խմբի մեկ անդամի խափանման միջոցը փոխելու համար: Լեւոն Բաղդասարյանը դա այսպես է բացատրում. «Կարծում եմ՝ «Սասնա ծռերն» ավելի մեծ ցնցում առաջացրեց, նրանք ակտիվ գործողություններ իրականացրին, որոշակի ժողովրդական զանգված հավաքվեց «Սասնա ծռերի» կողքին: Բայց եթե խորանան Նորք-Մարաշի գործով անձանց գաղափարների ու գործողությունների մեջ, ապա կտեսնեն, որ Նորք-Մարաշի գործով գաղափարական եւ գործառույթների առումով մի քանի անգամ մասշտաբով ավելի մեծ է, ինչու չէ, նույնականացվում է այն իրադարձությունների հետ, որոնք եղան վերջին ժամանակաշրջանում Հայաստանում»:
Լեւոն Բաղդասարյանը հավաստիացրեց՝ նրանք ցանկություն չեն ունեցել զենքով հեղափոխություն անել: «Զենքը պետք է օգտագործեին Արցախում»,- հավատացրեց փաստաբանը:
Եթե արդար դատաքննություն սկսվի, հնարավո՞ր է այլ պաշտոնյաներ Նորք-Մարաշի գործով ձերբակալվեն հարցին ի պատասխան փաստաբանն ասաց. «Միգուցե այո: Դժվարանում եմ ասել»:
Հիշեցնենք՝ գործով անցնող 20 ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և կրելու համար։
Ըստ մեղադրական եզրակացության՝ զինված խմբի անդամները նպատակ են ունեցել իշխանությունը յուրացնել, այսինքն՝ զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015-ի նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Սոնա Դավթյան