Այս տարի «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության ծրագրի կազմակերպման համար, ինչպես նախորդ տարի, ՀՀ բյուջեից տրամադրվել է 130 մլն դրամ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:
Անդրադառանալով քաղաքացիական նախաձեռնությանըˋ քաղաքի տոնի համար նախատեսված գումարի մի մասը սահմանամերձ գյուղեր ուղարկելուն, փոխքաղաքապետը նշեց.
«Երևանն օրենքով սահմանափակված իր լիազորություններն ունի, որոնք պայմանավորված են քաղաքի վարչական տարածքային սահմաններով: Սա նշանակում է, որ քաղաքապետարանը կարող է իր բյուջեն բացառապես Երևանի հետ կապված խնդիրներ լուծելուն ուղղել: Որոշ նվիրատուներ ևս գումարներ են հատկացնում, բայց դրանք նպատակային են, և մենք իրավունք չունենք նպատակային տրված գումարը մեկ այլ նպատակի ուղղորդել: Որքան էլ այս իրավիճակը մեզ համար մտահոգիչ է, բայց այն մեր լիազորության սահմաններից դուրս է»:
Սուքիասյանն ընծեց, որ հարցը քաղաքապետարանում քննարկվել է, բայց Երևանը պետք է նշի իր տոնը, ինչպես մյուս քաղաքները: Լրագրողներից մեկի այն հարցին, թե չե՞ն եղել արդյոք երգիչներ, որոնք հրաժարվեն մասնակցել համերգինˋ փոխքաղաքապետը պատասխանեց.
«Ոչ, նման ցանկություն ոչ ոք չի հայտնել: Եղել են տարիներ, երբ որոշ երգիչներ հրաժարվել են իրենց հոնորարիցˋ պնդելով, որ սա իրենց քաղաքի տոն է, բայց մասնակցությունից դեռևս ոչ-ոք չի հրաժարվել»: