տուն Լուրեր ՀՔԾ-ն իմ անվտանգության մասին մտածե՞լ է. Վալերի Պողոսյան

ՀՔԾ-ն իմ անվտանգության մասին մտածե՞լ է. Վալերի Պողոսյան

78
0

«Ես այդպիսի բան չեմ ասել: Ես իրենց ասել եմ որոշ փաստեր, որոնք իրենք ներկայացնում են որպես ճնշում: Դա իրենց գործն է»,– «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Վալերի Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ Արմեն Գևորգյանը Սահմանադրական դատարանի անդամի վրա ճնշում է գործադրել 2008 թվականի նախագահական ընտրությունների բողոքարկման հարցով որոշում կայացնելու համար:

Լրագրողի հարցին, թե այսինքն՝ չի՞ եղել ճնշում, Վալերի Պողոսյանը պատասխանել է. «Չեմ ասում՝ եղել է կամ չի եղել, ես ներկայացրել եմ փաստը, դա մեկնաբանություն է, մնացածը ուրիշ է, ես կարող եմ մեկնաբանել այսպես կամ այնպես»:

Պողոսյանը լրագրողին ասել է, որ իրավունք չունի պատմել, թե ինչ փաստ է ներկայացրել ՀՔԾ-ում:

Լրագրողի մյուս հարցին, թե ճի՞շտ է ՀՔԾ պետի պնդումը, որ նրա եղբոր միջոցով ճնշում է գործադրվել, Պողոսյանն ասել է. «Ո՛չ, դա նրանց եզրակացությունն է»:

Վալերի Պողոսյանը նշել է, որ կյանքում երբևէ չի առնչվել Արմեն Գևորգյանի հետ: Հարցին արդյոք եղբայրը երբեք չի՞ ասել, որ լավ կլինի այս հարցով այս որոշում կայացներ, Պողոսյանը բացասական պատասխան է տվել, իսկ հարցին, որ եղբայրն ասե՞լ է, որ նախագահականում կարծում են, որ լավ կլինի այսպիսի որոշում կայացվի, Պողոսյանն ասել է, որ դա վերաբերում է նախաքննության գաղտնիքին:

ՍԴ նախկին անդամն ասել է, որ այս գործով ՀՔԾ-ում մասնակցել է հարցաքննության որպես վկա: Նա նաև վրդովվել է, որ ՀՔԾ պետը հրապարակել է իր անունը: «ՀՔԾ-ն որ իմ ազգանունը հրապարակել է, իմ անվտանգության մասին մտածե՞լ է, թե՞ ես էլ իրենց համար միջոց եմ, ոչ թե մարդ»: