Խորհրդարանական ընտրությունների օրը հանրապետական Հակոբ Բեգլարյանի շտաբում գումար բաժանելու դեպքով որևէ մեկը չի պատժվի:
Ըստ Հատուկ քննչական ծառայության` ապրիլի 2-ին «Ազատության» թղթակիցը իշխող ուժի թեկնածուի նախընտրական շտաբում արձանագրել է ոչ թե ընտրակաշառքի, այլ աշխատավարձ բաժանելու դեպք:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների օրը՝ ապրիլի 2-ին, «Ազատության» թղթակից Սիսակ Գաբրիելյանը Երևանի Կոնդ թաղամասում նկատել էր, որ ընտրողները, նախքան տեղամաս գնալը, մտնում են պատգամավորի թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբ: Դուրս գալուց նրանցից մի քանիսի ձեռքին մեր թղթակիցը գումար էր նկատել, ինչից հետո նույնպես մտել էր շտաբ: Տեղում գտնվող անձինք, նկատելով լրագրողին, պարզաբանել էին, որ ոչ թե ընտրակաշառք են բաժանում, այլ աշխատավարձ:
Նախընտրական շտաբից դուրս գալով` «Ազատության» թղթակիցը նաև արձանագրել էր, թե ինչպես են խոչընդոտում Araratnews.am-ի լրագրող Շողիկ Գալստյանի եւ օպերատոր Հայկ Պետրոսյանի աշխատանքը: Մինչդեռ ՀՔԾ-ից հայտնում են, թե բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող ՀՀ Սահմանադրության եւ դրանից բխող՝ «Անհատական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համատեքստում Սոնյա Եղոյանի եւ մյուս անձանց՝ իրենց չտեսանկարահանելու պահանջը անհրաժեշտ է դիտել բացարձակ իրավաչափ, եւ արձանագրել, որ նման պահանջը ստանալուց հետո լրագրողը պարտավոր էր դադարեցնել իր գործողությունները:
Առավել քան զարմանալի եւ միեւնույն ժամանակ ծիծաղելի պատճառաբանությամբ ուժային այս կառույցը որոշել է ընտրակեղծարարներին ջրից չոր դուրս հանել: Ինչպե՞ս է ստացվում, որ լրագրողների նկատմամբ ակնհայտ բռնություն գործադրելը դիտվում է իրավաչափ, իսկ երբ լրագրողները տեսանկարահանում են մի գործընթաց, որը ստվերում է ընտրությունները եւ հանցակազմի հատկանիշներ է պարունակում, իրավաչափ է:
Ակնհայտ է, որ ՀՔԾ-ն այլ որոշում չէր էլ կարող կայացնել: Մեկ անգամ չէ, որ խոսվել է այն մասին, որ ուժային կառույցները ղեկավարվում են մեկ կենտրոնից՝ Բաղրամյան 26-ից, իսկ ընտրություններում «արջի» ծառայություն մատուցողները «աճեցվում» են նույն այդ իշխանության կողմից` օգնելով իշխանությանը տոկոսներ խփել:
Մեկ անգամ եւս ներկայացնում ենք ապրիլի 2-ին Կոնդ թաղամասում տեղի ունեցածի մասին տեսագրությունը, որն արել են Araratnews.am-ի թղթակիցները: Հիշեցնենք, որ տեսանյութը մոնտաժված չէ:
Փայլակ Ֆահրադյան