Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում ավարտվել է գյուղապետարանի շենքի հիմնանորոգումը, որը կատարվել է տեղական բյուջեի միջոցներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արտանիշի գյուղապետ Կարեն Շուշանյանը, տեղական բյուջեի միջոցներից ներդրած երեք միլիոն դրամի հաշվին ամբողջությամբ հիմնանորոգվել է երկհարկանի շենքը` նիստերի դահլիճով, աշխատասենյակներով ու միջանցքով: Նոր նստարաններով է կահավորվել դահլիճը:»Վերջապես հնարավոր եղավ ազատվել աշխատանքային անհրապույր, անբարվոք պայմաններից եւ ստեղծել ավելի բարվոք պայմաններ ու միջավայր:Կփորձենք նոր միջոցներ գտնել մոտակա ժամանակներում` նոր գույքի ձեռքբերման եւ ջեռուցման համակարգի կառուցման համար: Միաժամանակ միջոցներ ենք որոնում խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման համար, որով գյուղում վերջնական լուծում կստանա շուրջօրյա ջրամատակարարման խնդիրը»,- նշեց համայնքի ղեկավարը: Ըստ գյուղապետի ներկայացման` այն այսօր Արտանիշում ամենաառաջնահերթ լուծում պահանջող խնդիրն է:Ջրատարի արտաքին ցանցի երկարությունը կազմում է մոտ հինգ կլիոմետր, ջրաղբյուրի հզորությունը` մինչեւ հինգից տաս լիտր վայրկյան:»Խմելու ջրատարի ներքին ցանցը, յոթ կիլոմետր երկարությամբ, ամբողջությամբ նորոգվել է վերջին չորս տարիների ընթացքում, տարբեր կառույցների հետ համագործակցությամբ կամ տեղական միջոցներով, ջրամատակարարման վիճակը համեմատաբար բարելավվել է, սակայն շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու համար անհրաժեշտ է համալրել գյուղ մտնող խմելու ջրի քանակությունը, որը պետք է կատարվի ջրատարի արտաքին նոր ցանցի կառուցման միջոցով»,-հավելեց Կարեն Շուշանյանը: