տուն Լուրեր Հիմնադրամի վերածված պետական բուհերի երիտասարդ դասախոսները կարող են հրաժարվել սոցիալական վճար կատարելուց....

Հիմնադրամի վերածված պետական բուհերի երիտասարդ դասախոսները կարող են հրաժարվել սոցիալական վճար կատարելուց. Արսեն Թավադյան. Legal Info.am

189
0

563118_10200383436739633_789572874_n

ՀՀ կառավարության՝ նոյեմբերի 27-ին կայացած նիստում, կրթության և գիտության նախարարության առաջարկով, որոշում է ընդունվել «Երևանի պետական համալսարան» և «Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ները վերակազմակերպել հիմնադրամների: Համաձայն որոշման հիմնավորման, նշյալ բուհերի իրավակազմակերպական կարգավիճակի այս փոփոխությունը կնպաստի դրանց միջազգային համագործակցության զարգացմանը, ուսման որակի բարձրացմանը, կառավարման հետագա կատարելագործմանը: Մասնավորապես, ըստ ԵՊՀ պաշտոնական կայքի հաղորդագրության, բուհի իրավակազմակերպական ձևի փոփոխման խնդիրը բազմիցս արծարծվել է ԵՊՀ գիտական խորհրդի և ռեկտորատի նիստերում, և նշվել է, որ կարգավիճակի փոփոխությունը հնարավորություն կընձեռի ավելի ճկուն ձեռնարկատիրական գործունեություն ծավալել, բազմազանեցնել ֆինանսական մուտքերը, ավելի արդյունավետ կազմակերպել գնումների գործընթացը և համալսարանի առջև ծառացած մի շարք այլ խնդիրների լուծումը:

Միևնույն ժամանակ, կառավարության այս որոշումը մեկնաբանվեց նաև որպես պետական բուհերում աշխատող երիտասարդ դասախոսների կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի՝ հատկապես իրենց առնչվող խնդրի մասնակի լուծման միջոց: Մասնավորապես, այդ փոփոխությամբ անուղղակիորեն հնարավորություն է տրվում՝ լուծելու համատեղությամբ պետական և մասնավոր սեկտորներում աշխատող երիտասարդ դասախոսներից նպատակային սոցիալական վճարի կրկնակի գանձման հարցը: 2014 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքով նախատեսված է, որ պետական մարմիններում աշխատող այն անձնինք պետք է պարտադիր կերպով նպատակային սոցիալական վճարներ կատարեն իրենց համախառն եկամուտների հաշվով, այդ թվում նաև՝ մասնավոր հատվածից ստացած իրենց աշխատավարձերի համար:

Այս հարցերի շուրջ LegalInfo-ն զրուցել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս, ի.գ.թ. Արսեն Թավադյանի հետ:

-Ըստ Ձեզո՞րն է այս որոշման նպատակըԻ՞նչ խնդիրներ կարող է այն լուծել մասնավորապես «կուտակայինի» խնդրի առնչությամբ:

-Հրապարակվող նպատակները երկուսն են՝ այսպես կոչված՝ երիտասարդ դասախոսների «կուտակայինի» խնդրի լուծումը և բուհերին ինքնավարություն տալը: Կուտակայինի հետ կապված հարցը պարզ է: Ըստ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի՝ ցանկացած անձ, որի վրա տարածվում է օրենքի գործողությունը, պարտավոր է վճարել սոցիալական վճար: Անձը իրավունք ունի սույն օրենքի ուժի մեջ մտնելուց մինչև 2017 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար հրաժարվելու սոցիալական վճար կատարելու պարտականությունից՝ մինչև 2014 թվականի դեկտեմբերի 25-ը հարկային մարմնին համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով:  Սակայն որոշակի կատեգորիայի հանրային ծառայողները, մասնավորապես՝ ՊՈԱԿ-ների աշխատողները, ինչպես նաև այն անձինք, որոնք 2014 թ. հուլիսի 1-ի դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ չեն գտնվել, չունեն կուտակայինից հրաժարվելու իրավունք:

Քանի որ բուհերի մեծամասնությունը համարվում է պետական ոչ առևտրային կազմակերպություն, հետևաբար, նրանց աշխատակիցները չեն կարող հրաժարվել սոցիալական վճար մուծելուց: Բայց հիմնադրամի վերածվելով՝ բուհն իր նախկին պետական կարգավիճակը կորցնում է և դառնում է կազմակերպություն՝ իրավաբանական անձ, որի հիմնադիրը թեկուզև պետությունն է, սակայն այն անջատ է պետությունից և դառնում է մասնավոր սուբյեկտ: Մյուս կողմից, հիմնադրամի աշխատակիցների առնչությամբ չկա արգելք առ այն, որ նրանք չեն կարող հրաժարվել սոցիալական վճար կատարելուց: Հետևաբար, հիմնադրամի աշխատակիցը ևս, կարող է դիմում ներկայացնել և հրաժարվել նպատակային սոցիալական վճար կատարելուց, անկախ նրանից, թե ինքը համատեղությամբ է աշխատում, թե ոչ (ընդհանրապես, օրենքն այս առումով որևէ տարբերակում չի կատարում):

-Կառավարության վերոհիշյալ որոշմամբ ի՞նչ փոփոխություններ կարող են լինել այդ երկու բուհերում:

-Բացի վերոնշյալ հետևանքից, կան նաև փաստացի հանդես եկող այլ հետևանքներ՝ գույքային հարաբերություններին և կառավարմանն առնչվող: Մասնավորապես, գույքային հարաբերություներին վերաբերող առանձնահատկությունն այն է, որ եթե նախկինում ՊՈԱԿ-ը հանդիսանում էր գույքի օգտագործողը (իսկ գույքի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս կառավարության), ապա հիմա այն գույքը՝ շենքերը և այլն, որոնք օգտագործում է, օրինակ ԵՊՀ-ն, կարող է փոխանցվել հիմնադրամին՝ որպես սեփականություն, կամ փոխանցվել վերջինիս օգտագործման իրավունքով: ՊՈԱԿ-ի դեպքում օգտագործման իրավունքի բովանդակությունը արտահայտված է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքով, այսինքն,վարչաիրավական հարաբերությունների հիման վրա նախատեսված է, որ ՊՈԱԿ-ը կարող է օգտագործել իր գույքը, վարձակալության հանձնել, գույքի օգտագործումից ստացված միջոցները պետական ոչ առևտրային կազմակերպության սեփականությունն են և այլն: Իսկ այժմ այդ բուհերի՝ որպես հիմնադրամների և պետության միջև հարաբերությունները պետք է կառուցվեն քաղաքացիաիրավականհարթության շրջանակներում, այսինքն, օգտագործման իրավունքի բովանդակությունը պետք է կառուցվի պայմանագրի հիման վրա: Հետևաբար, այս պարագայում դժվար է ասել, թե գույքային հարաբերությունների տեսանկյունից այս փոփոխության արդյունքում բուհի իրավունքները կավելանան, թե կնվազեն:

Ինչ վերաբերում է կառավարմանը վերաբերող հետևանքին, ապա նշենք, որ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքով ցանկացած ՊՈԱԿ պետք է ունենա տնօրեն, կառավարման խորհուրդ, իսկ եթե ՊՈԱԿ-ը բուհ է, ապա այդ բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման կարգը սահմանված է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով: Մասնավորապես, պետական բարձրագույն ուսումնական հաստատության համար այդ օրենքով նախատեսված են որոշակի սահմանափակումներ, օրինակ՝ բուհի գործադիր մարմինը՝ ռեկտորը, պետք է լինի մինչև 65 տարեկան, ընտրվում է 5 տարի ժամկետով, իսկ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:

Մինչդեռ հիմնադրամի վերակազմակերպված պետական բուհերը, չնայած, որ հիմնադիրը պետությունն է, իսկ հոգաբարձուների խորհրդի անդամները բաղկացած են պետական մարմինների ներկայացուցիչներից, այնուամենայնիվ, չեն կարող համարվել պետական վարչական համակարգի մաս: Եթե ՊՈԱԿ-ները, տվյալ դեպքում՝ պետական ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող բուհերը, պետական վարչաիրավական կառուցվածքի մաս են կազմում, ապա այս դեպքում հիմնադրամն ունի նույն կարգավիճակը, ինչ, ասենք, պետության կողմից ստեղծված ՍՊԸ-ն, որը պետական կազմակերպություն չէ. այսինքն, հիմնադրամի կարգավիճակ ունեցող բուհերը պետության մասը չկազմող, առանձին սուբյեկտներ են: Հետևաբար, ՊՈԱԿ հանդիսացող պետական բուհերի կառավարման կարգին վերաբերող առկա սահմանափակումները հիմնադրամին չեն կարող վերաբերել: Եվ հիմնադրամի կարգավիճակ ունեցող բուհի կառավարման կարգը օրենքի մակարդակից տեղափոխվում է տվյալ հիմնադրամի կանոնադրության մակարդակ, որը սահմանվելու է կառավարության կողմից: Այս պարագայում դեռևս դժվար է եզրակացնել, թե այս բուհերի կառավարման կարգում ինչ սահմանափակումներ կլինեն, կպահպանվե՞ն արդյոք նույն սահմանափակումները, որոնք կան ՊՈԱԿ-ի դեպքում:

Շարունակությունը կարդացեք legalinfo.am կայքում: