Այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ՀՀ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացրեց «Վիճակախաղերի մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը:
ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց, որ դա պետք է կազմակերպված լինի պետության կողմից:
«Հիմա ում հասնում է վիճակախաղ, անպատիժ փող է աշխատում: Ինչի՞ համար ենք մենք դա ինչ-որ մեկին տալիս, որ կազմակերպվի: Նայեք Եվրոպան, այնտեղ տնտեսական ռիսկ չկա, դա չի կարող բիզնես համարվել: Դա պետական գործ է, և սա օրենսդրության, գիտության կլասսիկա է»,-ասաց Բագրատյանը:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ բնական մենաշնորհի դեպքում նույնպես կա նվազագույն ռիսկ, կամ չկա:
Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասաց, որ դրանք տարբեր բաներ են:
«Առանց բնական մենաշնորհի չի կարող ազգաբնակչությունը յոլա գնալ, իսկ վիճակախաղը պարտադիր չէ: Այստեղ հարց է նաև՝ կազինոները դարձնենք պետական, թե ոչ պետական»,-ասաց Այվազյանը:
Նա առաջարկեց, որ այս հարցը ներառվի եկող քառօրյայում: