«Գազալցակայաններում վերջին շրջանում մի քանի ողբերգական միջադեպերի ականտես եղանք: Ինչի՞ հետևանք է այդ ամենը , սխալ աշխատանքների՞, թե՞ ոչ պատշաճ վերահսկողության: Դուք, որպես քաղաքականությունը մշակող մարմին, Ձեր պատասխանատվությունը տեսնո՞ւմ եք տեղի ունեցածում»,- այսօր խորհրդարանում ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանից հետաքրքրվեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Էկոնոմիկայի նախարարությունը ոչ թե վարում է գազալցակայանների հետ կապված քաղաքականություն, այլ համակարգում է տեխնիկական կանոնակարգման ոլորտը»,-պատասխանեց փոխնախարարը:
Թե ինչն է վերը նշված դեպքերի պատճառը` վերջինս դժվարացավ ասել. «Միանշանակ ասել, թե ինչն է միջադեպերի պատճառը՝ չեմ կարող ասել, բայց ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք համակարգային ուսումնասիրության կարիք ունեն»:
Փոխնախարարի վստահեցմամբˋ ԵՏՄ նորմերն այդ մասով բավականին խիստ են, սակայն կգործեն 2016թ-ի հունվարից:
ԲՀԿ-ականՆաիրա Զոհրաբյանն էլ նկատեց. «Այն ֆունկցիան, որը վերապահված է Ձեզ, այսինքնˋ տեխնիկական ընթացակարգերին հետևելը՝ ևս պակաս կարևոր չէ»,- և շարունակելով հռետորական հարց ուղղեց.- «Ինչո՞ւ է միայն դժբախ դեպքերից հետո անդրադարձ կատարվում ոլորտում առկա խնդիրներին: Հիմա էլ սպասե՞նք 2016-ի հունվարին, որպեսզի ԵՏՄ-ի կանոնակարգը մտնի ուժի մեջ նոր խստացումները գործե՞ն»:
«Հարցը հռետորական չէր, ավելի շուտ մեղադրանքի է նման»,- պատասխանեց Էկոնոմիկայի փոխնախարարն ու ավելացրեցˋ նախարարության կողմից իրականացվել է մոնիտորինգ, թե ինչքանով են ապահովվում անհրաժեշտ նորմերը, իսկ ուսումնասիրություններից հետո եղան նախազգուշացումներ ու պահանջներ, որոնք 100 տոկոսով իրականացվել են: