Աշնանը Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն դաշինքով հանդես կգա Խոսրով Հարությունյանի գլխավորած «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության հետ: Դաշինքը կգլխավորի Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Երեկ նման որոշում է կայացրել ՀՀԿ Շիրակի մարզային կառույցը:
Ներկայացնում ենք Araratnews.am-ի հարցազրույցը մարզային կառույցի ներկայացուցիչ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ:
Ինչո՞ւ հենց Բալասանյանին առաջարկվեց գլխավորել դաշինքը, ո՞րն է պայմանը կամ պատճառը:
Պայման կամ պատճառ… Քննարկումներ, գիտեք, երկար ժամանակ են եղել է, եւ հիմնական ծանրակշիռ փաստարկը, որ որոշվել է Սամվել Բալասանյանը գլխավորի, այն է, որ այն ծրագրերը, որոնք Գյումրիում սկսվել են կամ սկսվելու են, եւ որոնց հիմքերը դրվել են գործող քաղաքապետի օրոք, որոշ ծրագրերում նա անմիջական մասնակցություն է ունեցել, որպեսզի այդ ծրագրերը շարունակվեն եւ կյանքի կոչվեն:
Հիմա Բալասանյանը դառնում է ՀՀԿ—ակա՞ն, թե՞ ՀՔԴՄԿ—ական:
Դա արդեն մեր խնդիրը չէ, մենք այդ խնդիրը չենք դրել, որ նա պետք է անպայման կուսակցական դառնա, ուղղակի մենք նման որոշում ենք կայացրել, իսկ թե հետագայում կդառնա թե չի դառնա` դա մեր խնդիրը չէ:
Ստացվում է` ՀՀԿ—ում չկա՞ր մեկը, որին առաջադրեր, կադրերի պակա՞ս ունեք:
ՀՀԿ-ում շատ կային, բայց ես ասացի հիմնական փաստարկը:
Համենայն դեպս, ՀՀԿ-ի մի ստվար հատված դեմ էր Ս. Բալասանյանին այն պատճառով, քանի որ նա մի քանի կուսակցություն փոխած քաղաքական գործիչ է:
Չէ, ոչ թե կողմնակից չէին Բալասանյանի թեկնածությանը, այլ ՀՀԿ-ում միայն քննարկումներ ընթացել էին նրա շուրջ, որ ՀՀԿ-ն փորձի հնարավորինս ինքնուրույն գնալ ընտրությունների: Որեւէ անձի թեկնածության շուրջ քննարկումներ չեն եղել, այլ առանձին գնալու խնդիրն է քննակվել:
Ո՞ւմ եք որպես մրցակիցներ տեսնում, մի քանի կուսակցություններ հայտարարել են, որ մասնակցելու են ՏԻՄ ընտրություններին:
Բնական է, բոլոր նրանք, ովքեր կմասնակցեն ընտրություններին, ամեն մեկը յուրովի դառնում է մրցակից, բայց թող վերջնական լինի, եւ խոսենք մրցակիցների ուժեղ եւ թույլ կողմերի մասին:
Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի