ԱՄՆ-ի նախագահության թեկնածու Հիլարի Քլինթոնը պատրաստ է ընտրություններում հաղթելու դեպքում գաղտնազերծել չճանաչված թռչող օբյեկտների մասին տվյալները: Այդ մասին KLAS-TV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է նրա նախընտրական շտաբի պետ Ջոն Պոդեստան:
Պոդեստան ասել է, թե Քլինթոնի հետ խոսել է ՉԹՕ-ների վերաբերյալ որոշ տվյալներ գաղտնազերծելու անհրաժեշտության մասին: «Կարծում եմ` ինձ հաջողվեց նրան համոզել, որ անհրաժեշտ է հնարավորինս շատ փաստաթղթեր գաղտնազերծել, որովհետեւ մարդիկ պիտի իմանան ճշմարտությունը», — հավելել է նա, հայտնում է «Դոժդը»:
Պոդեստան ՉԹՕ-ների վերաբերյալ գաղտնի տեղեկությունները բացահայտելու հայտնի կողմնակից է: Նա նման կոչ էր արել դեռեւս իննսունականներին, երբ ԱՄՆ-ի նախագահ Բիլլ Քլինթոնի աշխատակազմի ղեկավարն էր:
Բարաք Օբամայի օրոք նա ավագ խորհրդական էր եւ պաշտոնը թողնելուց հետո ասաց, որ ամենից շատ ափսոսում է, որ չկարողացավ հասնել ՉԹՕ-ների վերաբերյալ տվյալների հրապարակմանը: