
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը տարվա ընթացքում շատ միջոցառումներ է անցկացնում բանակի հետ, քանի որ բանակը երիտասարդական ամենամեծ կառույցն է: «Մենք իրականում պարտական ենք մեր բանակին ու պետք է կարողանանք ցանկացած ծրագիր շահավետ դարձնել բանակի համար: Մեր երիտասարդները մասնակցում են տարբեր ինժեներական աշխատանքների, տարբեր ծրագրերով հանդես են գալիս տարբեր զորամասերում: Մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի բանակի օրվան նվիրված այս միջոցառումը, որում մենք կարևորում ենք երիտասարդ սպայական կազմը: Այս երիտասարդները, ովքեր այսօր ստանալու են այս կրթաթոշակները, գերազանց առաջադիմություն ունեն, ովքեր ստանում են կրթություն և կարողացել են ապացուցել, որ լավագույններն են իրենց բուհերում: Այս երիտասարդները ամսական 50-հազարական դրամ թոշակ կստանան՝ մինչև ուսման ավարտը»,- ընդգծեց Ավագյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ ընդգծեց, որ բանակի կազմավորման առաջին տարիներին, երբ իրենք դիրքեր էին բարձրանում, ամեն ինչ անում էին զինվորին ուժ ու եռանդ տալու համար: «Վերջին տարիների հակառակ գործընթացն է տեղի ունենում: Մենք բարձրանում ենք դիրքեր, և զինվորներն են մեզ ուժ ու եռանդ տալիս, վստահություն են հաղորդում, որ ամուր կանգնած են սահմանին: Այսօր կարող ենք ասել, որ մեր ժողովուրդը դարձել է զինվորապաշտ: Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կանգնած է հայ զինվորի կողքին, և սա է միակ ճանապարհը: Մենք պիտի կարողանանք անկախության ճանապարհին ճեղքել բոլոր դժվարությունները: Մենք հասկացել ենք, որ իր ապագայի համար ամենաշատ մտածողը հենց ինքը երիտասարդն է, որը զինվորագրվում է բանակին, գիտությանը, կրթությանը, դառնում է իր պետության շինարարը»,- ասաց ԱԺ նախագահը:
Կրթաթոշակները հանձնեցին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Աշոտ Նավասարդյանի այրին՝ Հասմիկ Նավասարդյանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը: Գարեգին Նժդեհի անվան կրթաթոշակը ստացավ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կուրսանտ Ռոբերտ Ազարումյանը: Աշոտ Նավասարդյանի անվան կրթաթոշակը ստացավ ՀՀ ՊՆ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտ Նարեկ Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակը՝ ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարտական վարժարանի սան Գարիկ Մատինյանը, Վազգեն Սարգասյանի անվան կրթաթոշակը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Տիգրան Ղազարյանը: