ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կոչ է անում ևս մի քանի օր համբերել` ի վերջո հաստատապես իմանալու, թե ո՛վ է ՀՀԿ-ի կողմից առաջադրված վարչապետ թեկնածուն: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց Բաղդասարյանը: «Դուք բավական համբերատար եք և արդեն երկար ժամանակ, ևս մի քանի օր համբերեք, մենք դրա հանգուցալուծումը կտանք և կկայացնենք որոշում և կհայտարարենք մեր թեկնածուի մասին»,- ասաց նա:
Մեր հարցին, թե պարտադի՞ր է Սերժ Սարգսյանը վարչապետ լինի, որ թրծի ավելի երիտասարդներին որպես քաղաքական գործիչ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, թե իրենք դեռ որոշում չեն կայացրել: «Դուք հնչեցնում եք անուններ, եթե մենք նպատակահարմար գտնենք այս փուլում, որ ձեր նշած թեկնածուն պետք է լինի, այդ ժամանակ կտանք մեկնաբանություններ: Այս պահին ունենք նախագահ, որը Սերժ Սարգսյանն է, ունենք ընտրված նոր նախագահ, ունենք ՀՀ վարչապետ, որը սահմանադրական իր լիազորությունները պատշաճ կատարում է, և մենք գոհ ենք իր աշխատանքից, իսկ ամսի 9-ից հետո արդեն կխոսենք մեր անելիքների մասին»,- ասաց նա:
Անդրադառնալով քաղաքական որոշ ուժերի կողմից փողոցային պայքար սկսելու հայտարարություններին և հարցին, թե ՀՀԿ-ն որևէ անհանգստություն ունի՞, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Պետք է որ զգաք` մենք որևէ անհանգստություն չունենք, յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր ճանապարհայն քարտեզը, ինքն է որոշում իր պայքարի ձևը: Ես հասկանում եմ, որ արտախորհրդարանական ուժերը փորձում են փողոցն օգտագործել, բայց անհասկանալի է, երբ խորհրդարանական ուժերն են ընտրում, խորհրդարանը թողած` գնում փողոցային պայքարի, բայց, իհարկե, ժամանակը ցույց կտա»,- ասաց նա:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում: