«Հայկական վերածնունդը» հստակ պահել է իր պայմանավորվածությունները՝ հուշագրի ոգուն համապատասխան և քվեարկել Քրիստ Մարուքյանի օգտին: Չնայած դրան՝ շանտաժով և քաղաքական կեղտոտ տեխնոլոգիաներով փորձում են վարկաբեկել մեր ավագանու անդամներին՝ կեղծ լուրեր տարածելով, թե «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամները չեն պահել քաղաքական հուշագրի կանոնները: Եվ ըստ որում՝ սա արվում է համառ հետևողականությամբ: Այսօր «Հայկական վերածնունդը» Վանաձորում կարող է դառնալ այն քաղաքական ուժը, որ կազմելով իշխանություն, կարող է իրական ազդեցություն ունենալ Վանաձոր քաղաքի կառավարման մեջ՝ ելնելով մեր ստացած քվեներից»: Սա նախկին «Օրինաց երկիր», ներկայումս «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի հայտարարությունից մեկ հատված էր: Բաղդասարյանի այս հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ ՀՎԿ-ն ակնարկում է Վանաձորում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցի մասին:
Սակայն ամեն ինչ սկզբից: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 2-ին կայացած Վանաձորի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն միասին ստացել էին ավագանու 15 մանդատ, իսկ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները միասին՝ 18 մանդատ։ Վերջին երեք կուսակցությունները հուշագիր ստորագրեցին՝ քաղաքապետի ընտրություններում «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին ընտրելու մասին։ Սակայն գաղտնի քվեարկության արդյունքում քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը: Պատճառն այն էր, որ հուշագիր ստորագրած երեք կուսակցություններից չորս մարդ քվեարկել էին հօգուտ Ասլանյանի։ Սկսեցին վարկածներ շրջանառվել, որ 4 «դավաճանները» ՀՎԿ-ից են: «Լուսավոր Հայաստանը» ավագանու նիստերի բոյկոտ հայտարարեց՝ փորձելով այդպես պարզել, թե ովքեր են նշված 4 անձինք: ՀՎԿ-ն եւ ԲՀԿ-ն միացան բոյկոտին, եւ նոյեմբերի 5-ին նախատեսված Վանաձորի ավագանու նիստը չկայացավ՝ քվորում չապահովվելու պատճառով:
Վանաձորի քաղաքապետարանի բնականոն աշխատանքը, ըստ էության, խաթարված է: Այս ամենից հետո մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ ՀՀԿ-ն փորձում է իրավիճակը շտկել: Դրանից հետո Արթուր Բաղդասարյանն է իշխանության հետ կոալիցիա կազմելու մասին ակնարկներ անում:
Ներկայացնում ենք Araratnews.am-ի հարցազրույցը ՀՎԿ մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանի հետ:
Պարոն Առաքելյան, ՀՎԿ-ՀՀԿ կոալիցիա կլինի՞ Վանաձորում:
Այս պահին նման բան չի քննարկվել, չկա, դա պարզապես պարոն Բաղդասարյանի տեսակետն է, որը կարող է քննարկվի ոչ միայն մեր մոտ, այլեւ՝ մյուսների, այսինքն՝ դա դիրքորոշում է, տեսակետ, որի շուրջ մեր կուսակցությունում այս պահին քննարկում չկա: Դա եղել է պարոն Բաղդասարյանի տեսակետը:
Այսինքն՝ տեսակետ, որը հնարավոր է իրականությո՞ւն դառնա:
Այդ հնարավորության մասին ես չեմ ասում, քանի որ, էլի եմ կրկնում՝ մեզ մոտ դրա շուրջ քննարկումներ չկան: Դա կարող են քննարկել նաեւ մյուս կուսակցությունները: Այդ առումով որեւէ բան չեմ կարող ասել, քանի որ մյուս կուսակցությունները եւս կարող են քննարկել, եւ ընդունելի տարբերակ լինի:
Բայց կարծես թե Բաղդասարյանն ակնարկում էր կոալիցիայի մասին:
Դա քաղաքական հայտարարություն է, եւ քաղաքական հայտարարության ցանկացած բան կարող է յուրաքանչյուր՝ նաեւ այլ կուսակցություն վերցնի, քննարկի. ով ինչպես կմեկնաբանի, մեկը կարող է ակնարկ, մյուսը՝ քաղաքական հայտարարություն տեսնի: Պարոն Բաղդասարյանը նշել է, որ մենք երբեք ոչ մի քաղաքական ուժի հետ կոալիցիա չենք կազմի, եթե մենք որոշումների վրա ազդելու իրական հնարավորություն չենք ունենա, եթե դա չի լինի իրական կոալիցիա, եթե մեր երկրում, քաղաքում կամ համայնքում մեզանից կախված չի լինի համայնքի, քաղաքի, պետության առումով հետագա զարգացումը: Այդ հայտարարությունը պետք է նայել հենց այս կոնտեքստում:
Փայլակ Ֆահրադյան