տուն Լուրեր ՀՀԿ-ն թանկացումներից տեղյակ չէ. օլիգարխիան խորհրդակցության է

ՀՀԿ-ն թանկացումներից տեղյակ չէ. օլիգարխիան խորհրդակցության է

69
0

ֆֆֆֆ

Մի քանի օր է, ինչ լրատվամիջոցները բարձրաձայնում են մսամթերքի, կաթնամթերքի շուկաներում թանկացումների մասին: Երեք ամիսների ընթացքում միսը թանկացել է մոտ 1000-1500, իսկ կարագը` 800 դրամով:  Բացի նշված մթերքներից, թանկացել են նաև այլ ապրանքներ` պանիրը, ծխախոտը, շաքարավազը, նրբերշիկների որոշ տեսակներ:  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) վերլուծության վարչության պետ  Գնել Ալավերդյանը այս ամենը բացատրել է միջազգային շուկաներում գնային փոփոխություններով:

Տնտեսագետներն էլ կանխատեսում են, որ գնային բարձրացումները կրելու են շարունակական բնույթ:

Այսօր ԱԺ-ում լրագրողները ՀՀԿ խմբակցության պատգամավորներից փորձեցին ճշտել, թե  տեղյա՞կ են արդյոք գնային բարձրացումներից, եւ ինչի՞ հետեւանք են թանկացումները:  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, լրագրողների՝ թանկացումների վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց, թե տեղյակ չէ, որ գնային բարձրացումներ են եղել: «Ի՞նչ թանկացում: Էրեխե՛ք, էսօր իմ հետ գործ չունեք»,- ասաց Բեգլարյանը, հավելելով, թե խորհրդակցության է: Խորհրդակցություն ասելով էլ նկատի ուներ իր աշխատասենյակում մի քանի պատգամավորներով հավաքվելը : Նրանց թվում էին Հարություն Կարապողոսյանը եւ Տարոն Մարգարյանի աներձագը: Ռոբերտ Սարգսյանը եւս հայտնեց, թե տեղյակ չէ թանկացումներից:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ երկու օր առաջ է վերադարձել Հայաստան եւ գնային բարձրացումներից անտեղյակ է: Լրագրողները տեղեկացրեցին, թե որ ապրանքներն են թանկացել: «Ես տեղյակ չեմ: Գնումներ անում է կինս, ես ստեղ չէի, նոր եմ եկել: Էս երկու օրվա ընթացքում չի հասցրել զեկուցել»,- ասաց պատգամավորը: Սարգսյան Ալիկը հայտնեց, թե չպետք  է այսպես իրար «խառնվել», քանի որ հնարավոր է` ապրանքները կես դրամով են թանկացել: «Թույլ տվեք հարցին ըստ էության ծանոթանամ, նոր ասեմ»,- ասաց նա:

Araratnews.am-ի հարցին, թե հնարավո՞ր է թանկացումները սոցիալական բունտ հասունացնեն երկրում, Սարգսյանն ասաց, թե չի կարծում: Դիտարկմանը, թե ընտրություններից հետո թանկացումները, հնարավոր է` ծախսած փողերը հետ բերելու ձեւ են, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Ավելորդ հերյուրանքների, զրպարտանքների պատասխանելը ավելորդ է»:

ՀՀԿ-ականների նման արձագանքը, ըստ էության, սպասելի էր: Սերժ Սարգսյանի թիմի ներկայացուցիչներին չեն հետաքրքրում գնային բարձրացումները, որոնք ուղղակիորեն ազդում են շարքային քաղաքացիների  սոցիալական վիճակի վրա: Ի դեպ, գնային այս բարձրացումները տեղի են ունենում Կառավարությունը «պայքարում»  է գնաճի դեմ համատեքստում:

 Փայլակ Ֆահրադյան