ԱԺ այսօրվա քառօրյայի սկզբում քվեարկության դրվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնած՝ խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունը ապահովելու և բացահայտելու նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ԱԺ որոշումը, որը բացասական էր:
Մինչև քվեարկությունը վարման կարգով ելույթ ունեցավ Զարուհի Փոստանջյանը, ասելով, որ եթե ԱԺ նախագահը այդ հանձնաժողովը չստեղծի, հետագայում նա նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվի: Նա հավելեց, որ ներկա պահին ԱԺ շենքի դիմաց կանգնած են սպանված զինծառայողների մայրերը:
ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը եւս վարման կարգով ելույթ ունեցավ եւ կոչ արեց կողմ քվեարկել նախագծին, որպեսզի հնարավորություն ընձեռվի քննարկել տեղի ունացածը:
ԲՀԿ և ՕԵԿ խմբակցության ղեկավարներ Նաիրա Զոհրաբյանն ու Հեղինե Բիշարյանը նշեցին, որ հասարակությունը պարտք է զոհված զինծառայողների ծնողներին, և այդ ժամանակավոր հանձնաժողովը պետք է ստեղծվի: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը նույնպես նշեց, որ հանձնաժողովը պետք է ստեղծվի:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը նշեց, որ կա խնդիր, որը իրավական դաշտում է, ուստի կփորձեն չխանգարել իրավական գործընթացին: «Այդ պատճառով նպատակահարմար չենք գտնում մասնակցել քվեարկությանը»,- ասաց Մելիքյանը:
Նախագիծը դրվեց քվեարկության, եւ 28 կողմ, 0 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշումը չընդունվեց: