«Առաջին տպավորությունը խորհրդային շրջանի հերթական դպրոցների մասին էր, որ հիշեցի»,- araratnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ-ի կողմից քաղաքական դպրոց հիմնելու որոշմանն, ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Նրա խոսքով քաղաքական դպրոցը հասարակությանը եւ ՀՀԿ-ին այն որեւէ բան չի տա: «Նրանք որեւէ դպրոց ունենալու խնդիր չունեն, որովհետեւ սկսած մանկապարտեզներից, վերջացրած ԲՈՒՀ-երով՝ բոլորն իրենցն է, կուսակցականացված են: Էլ ինչ իմաստ ունի լրացուցիչ կուսակցական դպրոց բացելու, չեմ հասկանում»,- նշեց Հարությունյանը:
Իրավապաշտպանի խոսքով այս պահին կարեւոր չէ, թե ովքեր են լինելու դասավանդողները, կամ ինչ առարկաներ են դասավանդվելու: Ըստ Հարությունյանի՝ հստակ է , որ ոչ մի նոր գիտելիք այդ հաստատության սաները չեն ստանա: «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր կուսակցություն, առավել եւս իշխողը, ցանկացած քայլ անելուց առաջ պետք է հասկանա, թե ինչի համար է դա անում: Նպատակը շատ ավելի կարեւոր է, քան այն, ինչ հայտարարվում է, ինչ կունենա դրանից հասարակությունը, կամ ՀՀԿ-ակաները: Ես նկատի չունեմ պատգամավոր, կամ նախարար հանրապետականներին, այլ շարքային ՀՀԿ անդամները ինչ կունենան դրանից»,- ասաց Վարդան Հարությունյանը, հավելելով, որ դժվար թե քաղաքական դպրոցը նպաստի, որ Հայաստանում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնվեն:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր այն գործիչների տեսակետներին, թե ՀՀԿ-ի քաղաքական դպրոցի սաները սովորելու են ընտրությունները կեղծելու արվեստին տիրապետել, կամ ինչպես տոկոսներ «խփել», իրավապաշտպանը նկատեց, որ դժվար թե, քանի որ բոլոր ՀՀԿ-ականները այդ գործում մասնագիտացել են: «Նրանք սովորած են, վարժված են, էդ ամենը անում են գերազանց, եթե դա է դպրոցի նպատակը, ապա չի ծառայելու նպատակին, որովհետեւ աշակերտներն արդեն գերազանցիկներ են»: