Ընդհանուր գնահատական տալ չեմ կարող, որովհետև պետք է մանրամասն ուսումնասիրեմ. այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ձայնագրություններին, որոնցում ներկայացվում է, որ տնօրենները մարդկանց են հավաքագրել Հանրապետական կուսակցությանը ձայն տալու համար. «Ամենավտանգավոր բանն է, երբ ստեղծվում է պատրանք լայնածավալ որոշակի խախտումների… նման դեպքերում պետք է մանրակրկիտ ուսումնասիրություն կատարվի»:
Իսկ առայժմ Դավիթ Հարությունյանը դեռ չի հասցրել ամբողջությամբ ուսումնասիրել ձայնագրությունները. «Ես մի քանիսն եմ երեկ հասցրել նայել, ցավոք սրտի, երեկ կայքը շատ ծանրաբեռնված էր, և ինչ-որ մի պահից դադարեց արձագանքել: Մի քանիսը ստուգեցի, որոնցից մեկում խնդիր տեսա, իսկ երկուսում ոչ մի խնդիր չտեսա: Այն մեկում, որում որոշակի խնդիր տեսա, դա չի նշանակում, որ ես կարող եմ ակնհայտորեն պնդել, որ առկա է ընտրախախտում, ընտրական օրենսդրության կամ էթիկայի կանոնների խախտում, մինչև ամեն դետալ չիմանամ»:
Ինչ վերաբերում է հարցին՝ ՀՀԿ-ի գրանցումն անվավեր ճանաչելու հիմքեր տեսնո՞ւմ է, թե՞ ոչ Հարությունյանը պատասխանեց` բացարձակապես չի տեսնում: