Չասեմ՝ շարքային դեպք է, բայց, իհարկե, դա ոչ ցանկալի դեպք էր, որ տեղի ունեցավ՝ խորքային արմատներ ունենալով հանդերձ։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ նշելով, որ միջոցներ ենք ձեռնարկում, որ ամբողջությամբ վերահսկվեն նման դեպքերը։
Նրա խոսքով՝ խնդիրը ծագել է նրանից, որ զինծառայողները փորձել են ըմբոստանալ և չկատարել զորամասի հրամանատարության պահանջները, քանի որ 1-2 զինծառայող «գողական» բարքերով փորձել են ընդդիմանալ գործող կարգին, ու կազմակեպել են այդ ամենը, մյուսներն էլ զինվորական «համերաշխությունից» դրդված կամ ստիպված գնացել են նրանց հետևից։
Դավթյանը պատմեց, որ միջադեպի մասնակից զինծառայողների քանակը մեծ չի եղել զորամասի ամբողջ կազմի համեմատությամբ, իսկ նրանց մեծ մասը հիմա զղջում է արածի համար, և նրանց արարքները դատապարտել են նաև նրանց ծնողները։
«Կա պրոբլեմ, ընդունում ենք մենք։ Եվ նորից եմ ասում՝ շարքային դեպք չէ, բայց, միևնույն ժամանակ, դեպքով մենք զբաղվում ենք շատ ուշադիր և լուծումներ անպայման կգտնվեն»,- ասաց շտաբի պետը։
SHANTNEWS.am-ի ճշտող հարցին՝ ի՞նչ պատիժ են ստանալու կազմակերպիչները, Դավթյանը պատասխանել է, որ դա լինելու է երկու հարթության վրա։
Դավթյանը մանրամասնել է, որ եղել են և՛ ազատումներ, և՛ տեղափոխություններ, և դրանք դեռ կշարունակվեն, քանի որ այդ խորքային երևույթն այս կարճ ժամանակում հնարավոր չէր խորությամբ ուսումնասիրել։ Բայց ըստ շտաբի պետի՝ որոշ բացահայտումներ կանի նաև քրեական գործը, ինչից ելնելով՝ ԶՈւ ղեկավարությունն էլ որոշումներ կընդունի։