ՀՀ առողջապահության նախարարությունը 2016 թվականին առանձին ոլորտներում կիրականացնի հանրապետության բնակչության առողջապահական կարիքների գնահատում:
Այդ ուղղությամբ աշխատանքների իրականացումն ընդգրկված է կառավարության 2016 թվականի գերակա ծրագրերի թվում:
Գերակա խնդրի կատարման արդյունքում ակնկալվում է ունենալ բնակչության առողջապահական կարիքների գնահատման մեթոդաբանություն, որը սկզբնական փուլում նախատեսվում է կիրառել շաքարային դիաբետի և ուղեղի արյան շրջանառության խանգարման հետևանքով առաջացած սիրտ-անոթային հիվանդությունների մասով հանրապետության բնակչության (տնային տնտեսությունների) առողջապահական կարիքների գնահատման համար, իսկ հետագայում այն կիրառելով նաև այլ հիվանդությունների կարիքների գնահատման ուղղությամբ: Նշված հիվանդությունները ընտրվել են` հաշվի առնելով հանրապ ետության բնակչության հիվանդացության և մահացության պատճառներում դրանց զգալի տեսակարար կշիռը:
Ըստ առողջապահության նախարարության, իրականացված աշխատանքները թույլ կտան առավել արդյունավետ մշակել առողջապահության ոլորտի քաղաքականությունը, տնօրինել պետական բյուջեից հատկացվող ռեսուրսները և բարձրացնել դրանց ծախսման արդյունավետությունը: