ԱԺ-ում շարունակվում են «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումները: Հիշեցնենք, որ հենց սկզբից պարզ դարձավ, որ խորհրդարանական լսումներին ներկա պատգամավորներն ու հասարակական սեկտորի ներկայացուցիչները ԱՎԾ պետին հարցեր տալ չեն կարող: Սա առաջացրել էր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դժգոհությունը:
Լրագրողների հարցերին պատասխանել եւս ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանը հրաժարվում էր: Միջանցքում, երբ լրագրողները նրան խնդրեցին մեկնաբանել, թե ինչու է հրաժարվում պատասխանել զուտ իրենց կառույցի կողմից հրապարակված թվերի վերաբերյալ հարցերին, Մնացականյանը սկսեց մեջբերել օրենքներն ու որոշումները, համաձայն որի իրենց քաղաքական դեբատների մեջ ներքաշել հնարավոր չէ, եւ որ իրենք զուտ փաստական տվյալներն են արձանագրում:
Araratnews.am-ի հարցին, թե պաշտոնապես ՀՀ բնակչության քանի՞ տոկոսն է համարվում աղքատ, ԱՎԾ պետն ասաց, որ ունեն 2016 թվականի տվյալները: «Մենք հրապարակել ենք 2016 թվականի արդյունքները. 29,4 տոկոս` ՀՀ-ում, ՌԴ-ում՝ 13, Ուկրաինայում՝ 3 տոկոս, Ադրբեջանում՝ 5, Ղազախստանում՝ 9»,- թվերը ներկայացրեց Ստեփան Մնացականյանը, ով հեռացավ, լսելով մեր հաջորդ հարցը, թե Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության պատճառո՞վ չէ, որ ՀՀ-ում աղքատության մակարդակը տարեցտարի բարձրանում է:
Փայլակ Ֆահրադյան