Հայաստանը նույնպես կարող է իր նպաստն ունենալ Մեծ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու հայեցակարգի հարցում: Այս մասին Չինաստանի Սիանի(Շենսի նահանգ) կոմունիստական կուսակցության քարտուղար Ճաո Ժեն Յոնի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բրձր գնահատելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Չինաստան եւ հանդիպումը ՉԺՀ վարչապետի հետ՝ պարոն Ճաո Ժեն Յոնը նշել է, որ երկու երկրների բարեկամությունն օրեցօր խորանում եւ ամրապնդվում է: Նա շեշտել է Չինաստանի, մասնավորապես, Շենսի նահանգի շահագրգռվածությունը՝ խորացնել եւ ընդլայնել Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում, կարեւոր համարելով համագործակցության զարգացումը նաեւ մարզերի միջեւ:
Հայ-չինական կապերի խորացման առումով երկուստեք բարձր է գնահատվել նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստան:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը ողջունել է 2013թ. նախագահ Սի Ծինփինի կողմից առաջ քաշած Մեծ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու հայեցակարգը, եւ արդեն նպատակաուղղված աշխատանք է տարվում ծրագրի իրականացման ուղղությամբ այն մասով, որտեղ Հայաստանը նույնպես կարող է իր նպաստը ունենալ:
Նշենք, որ վարչապետ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաեւ Տերրակոտա զինվորների եւ ձիերի թանգարան, որտեղ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: