տուն Լուրեր ՀՀ կրթության եւ գիտության նախարարը ծանոթացավ Գավառի պետական համալսարանի փորձին

ՀՀ կրթության եւ գիտության նախարարը ծանոթացավ Գավառի պետական համալսարանի փորձին

117
0

hamalsaranՀՀ կրթության եւգիտության նախարար Արմեն Աշոտյանն օգոստոսի 25-ին այցելեց Գավառի պետական համալսարան եւ հանդիպում ունեցավ պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ:

ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը հյուրերին նախ ուղեկցեց Վարշամ Ավետյանի անվան ԳՊՀ պատմության թանգարան, որտեղ պաշտոնյաները ծանոթացան շուրջ մեկուկես հազարի հասնող հնագիտական, ազգագրական, դրամագիտական, արվեստագիտական արժեքավոր նյութերին ու վավերագրական փաստաթղթերին: Այնուհետեւ հյուրերը դիտեցին եւ ծանոթացան համալսարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսին, որտեղ ցուցադրվում են ԳՊՀ ուսանողների ձեռքի աշխատանքներն ու նկարները:

Հանդիպման ժամանակ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանն անդրադրձավ նախորդ տարվա ձեռքբերումներին եւ նշեց, որ հաջորդ ձեռքբերումը նոր ուսումնական տարվա մեջ կլինի բուհի ենթակառուցվածքային եւ ինստիտուցիոնալ հավատարմագրումը, որը ենթադրում է հաստատության որակի գնահատում: Համալսարանի ղեկավարը նշեց նաեւ, որ Գավառի պետական համալսարանում 2014 թվականին ձեռնարկվել են նպատակային միջոցառումներ` ԳՊՀ հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրի եւ ԳՊՀ ակադեմիական ազնվության հայեցակարգի դրույթների իրականացման ուղղությամբ: Համալսարանն աշխատում է իր որդեգրած «Կրթություն` առանց կոռուպցիայի» եւ «Կրթությունն` ընդդեմ կոռուպցիայի» սկզբունքներին համապատասխան:

Նախարարին եւ բարձրաստիճան պաշտոնյաներին անցած տարիների հաշվետվությունը ներկայացվեց վավերագրական ֆիլմի տեսքով:

«Այս ձեռքբերումները հետեւողական աշխատանքի արդյունք են, եւհաստատությունը հավատարիմ է իր առաքելությանը: Տեսաֆիլմում եւս նշվեց, որ համալսարանը մարզի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որը իր առջեւ, բացի բուն նպատակից ու խնդիրներից, մարզի բնակիչների կրթական իրավունքների բավարարմանը նպաստելուց, մի շարք այլ սոցիալ-տնտեսական խնդիրներ էլ է իրականացնում:

Ուսանողական շունչը այստեղ զգացվում է բարեփոխումների մեջ, առօրյայում, եւ երբ խոսում ենք ուսանողակենտրոն բուհերի մասին, ուսանողակենտրոն համակարգի մասին, որի գերագույն արժեքը ուսանողն է, ապա այստեղ բարեփոխումների կրողն ուսանողն է, եւ սա ձեր հաջողության գաղտնիքներից մեկն է:

Վերջին տարիներինՀայաստանում հսկայածավալ փոփոխություններ են իրականացվել կրթական ոլորտում: Մեր գերակա անելիքներից մեկը ժամանակակից ծառայությունների, գիտելիքների մատուցումն է երիտասարդներին, եւ ձեր բուհի օրինակով ՀՀ կրթական մակարդակը միջազգայնանում է: Շատ երկրներից ցանկանում են կրթություն ստանալ ՀՀ տարբերբուհերում եւ այս բուհում:

Այս հարցում ԳՊՀ-ն նման փորձ ունի:

Ուրախ եմ, որ ե’ւ միջազգայնացման, ե’ւ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման արդյունքում համալսարանն օրինակելի է, ունի հետաքրքիր նախաձեռնություններ` էլեկտրոնային քննություններ, էլեկտրոնային գրադարան եւայլն: Իհարկե, բուհն ունի նաեւ զարգացման հեռանկար», — ընդգծեց Արմեն Աշոտյանը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը:

Ռաֆիկ Գրիգորյանը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորեց համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին եւ նշեց, որ համալսարանի զարգացումն ու կայացումն աստիճանաբար է տեղի ունեցել, իրենց աչքի առաջ: Մարզպետարանը միշտ եղել է համալսարանի կողքին, աջակցել, եւ այդպես էլ կշարունակվի ապագայում:

Հանդիպման ժամանակ հնչեցին հարցեր բնագիտական ֆակուլտետում նոր ուսանողներ ընդգրկելու, ընդունելությունը դյուրացնելու, համալսարանի հանրակացարանի տանիքի հիմնանորոգման, մարզի տարածաշրջանների միջեւ երթուղային տրանսպորտի գործարկման, անվճար ուսուցման տեղերի ավելացման խնդիրների հետ կապված, որոնց պետական այրերի կողմից տրվեցին պատասխաններ:

Վերջում  ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը հանդիպումը եզրափակեց ուրախալի լուրով` հայտնելով, որ «Բազե-2015» հավաքից Գավառի պետական համալսարանի թիմը վերադարձել է չորս մեդալով: