«2017 թվականին մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հատկանիշներով Հայաստանում հարուցվել է 9 քրեական գործ, որոնցից 3-ը վերաբերում են սեռական շահագործմանը, իսկ 6-ը՝ աշխատանքային: Սեռական շահագործման դեպքերից մեկը ներքին շահագործման է, իսկ մյուս երկու դեպքով շահագործումը տեղի է ունեցել արտերկրում, մեկը՝ Արաբական Միացյալ էմիրություններում, մյուսը՝ Թուրքիայում, աշխատանքային շահագործման 6 դեպքից 2-ը արտագնա շահագործման են (մեկը՝ Ռուսաստանում, մյուսը՝ Վրաստանում), իսկ 4-ը՝ ներքին շահագործման: Նշված քրեական գործերով տուժող է ճանաչվել 13 անձ, որից 7-ը կին է, իսկ 6-ը՝ անչափահաս: Իսկ 2016թ. հարուցված է եղել 10 քրեական գործ, որոնցից 7-ը՝ աշխատանքային շահագործման համար:
Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Վաչե Հովսեփյանը «Ժամանակ»- ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանը ավանդաբար համարվել և այսօր էլ համարվում է թրաֆիքինգի ծագման երկիր: «Այսինքն՝ այն դեպքերը, երբ թրաֆիքինգի զոհերը հավաքագրվում են Հայաստանում և տեղափոխվում են այլ երկիր շահագործման նպատակով, անհամեմատ ավելի շատ են, քան այն դեպքերը, երբ այլ երկրների քաղաքացիներն են հավաքագրվում այլ երկրներում և տեղափոխում Հայաստան: Մեր քաղաքացիների աշխատանքային շահագործման դեպքում ուղղությունը մեծամասամբ ՌԴ-ն է, իսկ սեռական շահագործման դեպքում՝ Թուրքիան և Արաբական Միացյալ էմիրությունները»,- նշեց Վաչե Հովսեփյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: