Այս օրերի ընթացքում ինձ սարսափելի նսեմացած էի զգում,- այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը:
«Երբ քննարկվում էր ռազմաբզայի գործունեության երկարաձգման պայմանագիրը, շատ ՀԿ-ներ ասում էին, որ սա սպառնալիք է երկրի համար, իսկ ես պնդում էի, թե սա մեր անվտանգության երաշխիքն է: Այս օրերին ես բազմաթիվ զանգեր ստացա. մարդիկ ինձ հարցնում էին ` այդ դու էիր չէ՞ ասում, թե սա մեզ համար անվտանգության երաշխիք է: Դե, հիմա տես, որ սպառնալիք է: ՀՀ իշխանությունների ջայլամի քաղաքանությունը` չհայտարարել սգո օրեր, կցկտուր ինֆորմացիա տրամադրելը Գյումրիի դեպքերի մասին՝ շեղելու համար մարդկանց ուշադրությունը, որ մեր հարևանը չզայրանա, հակառակ էֆֆեկտն ունեցավ և առաջացրեց մարդկանց ցասումը: Ինչպես կարելի էր չհայտարարել սգո օր միայն նրա համար, հավանաբար, որպեսզի, որքան հնարավոր է, քիչ խոսեն, որպեսզի մեր հարևանը հանկարծ չբորբոքվի»,- իր խոսքում ասաց բնապահպանը: