Ենթադրվում է, որ հոկտեմբերի 10-ին ստորագրվելու է ՀՀ-ի Մաքսային միության կազմի մեջ մտնելու պայմանագիրը: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը araratnews.am-ի հետ զրույցում դժվարացավ պատասխանել պայմանագիրը կստորագրվի՞, թե՞ ոչ.
«Չեմ կարող ասել. Սերժ Սարգսյանն այդ քայլը չի քննարկել հասարակության հետ, միանձնյա որոշեց և հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու մասին: Չգիտեմ` ՀՀ իշխանություններն ինչ գաղտնի պայմանվորվածություների մեջ են Ռուսաստանի իշխանությունների հետ, որպեսզի կարողանամ ասել` կստորագրե՞ն, թե՞ ոչ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով` Հայաստանն իր անելիքն արել է` դիմել է անդամակցության համար, մնում է Ռուսաստանը որոշի` հաստատելո՞ւ է, թե՞ ոչ:
Արմեն Մարտիրոսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց` «Ժառանգությունն» ի սկզբանե դեմ է եղել այդ պայմանագրին. Հայաստանի շահերը չապահովող պայմանագիր է, կնքվել է իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու պատճառով և որևէ դրական բան չի կարող տալ մեր պետությանը:
Շողիկ Գալստյան