տուն Լուրեր ՀՀ-ից արտագաղթը շարունակում է կրճատվել. Միգրացիոն ծառայության ղեկավար

ՀՀ-ից արտագաղթը շարունակում է կրճատվել. Միգրացիոն ծառայության ղեկավար

111
0

Անցյալ տարվանից Հայաստանի միգրացիայի ոլորտում պահպանվում է դրական դինամիկա: 2019 թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանից արտագաղթի ցուցանիշը կրկին նվազել է: Այսպես, այս տարվա առաջին վեց ամիսների տվյալներով՝ երկրից ելքի ցուցանիշը մոտ 2334-ով գերազանցում է մուտքերը:

Այս ցուցանիշը շուրջ 4 հազարով զիջում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ելքերի թվին, իսկ 2017 թ-ի առաջին կիսամյակում այդ ցուցանիշը կազմել էր -37 625 մարդ: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը:

Հայաստանի միգրացիոն սալդոն հաշվելիս վիճակագրական կոմիտեն հիմնվում է սահմանային հատումների էլեկտրոնային հաշվարկման համակարգի տվյալների վրա:

Թեեւ ՀՀ վիճակագրական կոմիտեն կիսամյակային տվյալները հրապարակելու է երկու օրից՝ հուլիսի 25-ին (կիսամյակային նախնական օպերատիվ տվյալները, իսկ հաջորդ ամսի 5-ին՝ արդեն դրանց բացվածքը), Արմեն Ղազարյանը տրամադրեց տեղեկատվություն նաեւ ՀՀ քաղաքացիների՝ երկրից ելքերի ու մուտքերի վերաբերյալ: Այստեղ եւս պահպանվում է դրական դինամիկա:

«Այս տարվա վեց ամիսների տվյալները ցույց են տալիս, որ ՀՀ քաղաքացիների ելքերը երկրից 44 409-ով գերազանցում են մուտքերը: Այն դեպքում, երբ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշն ավելի բարցր էր՝ 50 784, իսկ 2017 թ-ի առաջին կիսամյակում՝ 75 625»,- ասաց միգրացիոն ծառայության ղեկավարը՝ նշելով, որ կիսամյակային տվյալների վրա պետք չէ շատ ուշադրություն սեւեռել, քանի որ միգրացիայի ընդհանուր պատկերը հայտնի է դառնում տարեվերջին:

«Սրանք սեզոնայնությամբ պայմանավորված տվյալներ են, որոնցից հեռուն գնացող հետեւություններ չի կարելի անել: Սակայն մեկ բան կարելի է ասել, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ պահպանվում է դրական դինամիկա այս ոլորտում, ինչը կարեւոր է: Իհարկե, խզվածքը դրական առումով այնպիսին չէ, ինչպիսին անցյալ ու նախանցյալ տարիների վեց ամիսների տվյալների միջեւ, սակայն դրական դինամիկան ակնհայտ է: Մասնագետների կարծիքով, կարեւորը դրական դինամիկայի պահպանումն է, որն այլ գործիքների հետ համադրմամբ էականորեն հեշտացնում է երկրում դեմոգրաֆիական իրավիճակի մեղմումը», — ասաց Արմեն Ղազարյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում