ՀՀ անվտանգության խորհուրդն Ազգային անվտանգության նոր ռազմավարություն կմշակի: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«2007 թ.-ից ի վեր Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում զարգացման նոր միտումներ են արձանագրվել: Տեղի է ունեցել ռուս-վրացական պատերազմը` սրելով այդ երկրների միջև հարաբերությունները: Իրան-ԱՄՆ լարված հարաբերություններով պայմանավորված՝ մեր սահմանակից Իրանի համար առաջացել են պատժամիջոցները հաղթահարելու նոր խնդիրներ: Մերձավորարևելյան տարածաշրջաններին վերաբերող հիմնահարցերը ենթարկվել են էական փոփոխությունների: Մեզ համար լրջագույն խնդիր է` բացառել դեռևս հարկ եղած գնահատականների չարժանացած 2016 թ. ապրիլյան իրադարձությունների կրկնությունը: 2018 թ. Հայաստանում արձանագրվել են հիմնարար փոփոխություններ, մեծ փոփոխությունների է ենթարկվել Հայաստանի տնտեսական ինտեգրման քաղաքականությունը: Հայաստանը դարձել է ԵԱՏՄ անդամ, ինչպես նաև ԵՄ-ի հետ ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,- ասաց Գրիգորյանը:
Անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց, որ այս փոփոխությունների հետ մեկտեղ կան իրողություններ, որոնք մնացել են անփոփոխ:
«Հայաստանի գլխավոր մարտահրավերները շարունակում են մնալ արցախյան հիմնահարցի շուրջ գոյություն ունեցող գործընթացները` փոխզիջումների ճանապարհով հիմնահարցը լուծելու Ադրբեջանի մերժողական քաղաքականության պատճառով: Շարունակում է փակ մնալ նաև հայ-թուրքական սահմանը»,- նշեց Արմեն Գրիգորյանը: