տուն Լուրեր ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Տանն Կիլիկիո Գրիգոր Ի Կաթողիկոս-Պատրիարքին

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Տանն Կիլիկիո Գրիգոր Ի Կաթողիկոս-Պատրիարքին

92
0

Edward-Nalbandyan1ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Տեր Գրիգոր Պետրոս Ի-ի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Նալբանդյանը գահակալության կապակցությամբ ջերմորեն շնորհավորել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 20-րդ Կաթողիկոս-Պատրիարքին։ Հաջողություն մաղթելով Տեր Գրիգոր Պետրոս Ի-ին իր վեհ առաքելության մեջ՝ նախարարը նշեց. «Ֆրանսիայում Հայաստանի դեսպան լինելու ժամանակահատվածում Ձեզ հետ Փարիզում երկար տարիներ սերտորեն գործակցելու բարեբախտությունն ու պատիվն ունենալով` անձամբ եմ ականատես եղել Ձեր արgասաբեր գործունեությանը որպես Ֆրանսիայի Հայ կաթողիկեների առաջնորդի»:

Զրուցակիցները անդրադարձան Հռոմի պապ Ֆրանցիկոս I-ի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագի կարևորությանը և նրա հղած ուղերձին, որը հայ ժողովրդի հետ համերաշխության և զորակցության կարևոր դրսևորում էր և աջակցություն՝ մարդկության դեմ նոր հանցագործությունների, ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին:

Կողմերը մտքեր փոխանակեցին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի շրջանակներում իրականացվող միջոցառումների շուրջ՝ ընդգծելով Հայաստանի և Սփյուռքի կառույցների սերտ համագործակցության և ջանքերի համադրման կարևորությունը: