Նյու Յորքում աշխատանքային այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի օրակարգը երեկ հագեցած է եղել երկկողմ հանդիպումներով:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վրաստանի ԱԳ նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը, շնորհավորելով նրան հարևան երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, վստահություն է հայտնել, որ երկու երկրների արտգործնախարարները կշարունակեն համատեղ ջանքերն` ուղղված հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների առավել ամրապնդմանը և խորացմանը։
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` Գեորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ Վրաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնում սերտ և արդյունավետ համագործակցություն է ունեցել իր հայաստանյան գործընկերների հետ՝ ավելացնելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը մեծ կարևորություն է ներկայացնում Վրաստանի համար։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման շուրջ, կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունները, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացումը:
Նախարարներն անդրադարձան տարածաշրջանային հրատապ խնդիրների։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը գործընկերոջն է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերը:
Երկխոսությունը շարունակելու նպատակով Հայաստանի արտգործնախարարը Վրաստանի ԱԳՆ ղեկավարին հրավիրել է այցելել Երևան։
Էդվարդ Նալբանդյանի և Կոնգոյի Հանրապետության արտգործնախարար Ժան-Կլոդ Գակոսոն քննարկել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, կրթական ու մշակութային հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Այդ առումով կարևորվել է համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների համաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։
Էստոնիայի արտգործնախարար Մարինա Կալյուրանդի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել բարձրաստիճան այցելությունների կազմակերպմանը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության խորացմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացմանը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, դրանց նոր իրավական հենքի շուրջ բանակցությունների մեկնարկի շուրջ։
Նախարարներն անդրադարձել են մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների, մերձավորարևելյան զարգացումներին, ահաբեկչության դեմ պայքարին։ Էդվարդ Նալբանդյանը Էստոնիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և դրա կայունացման նպատակով ձեռնարկվող քայլերը։
Նույն օրը տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի և Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Ալ Ջաֆարիի հանդիպումը։
Զրուցակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել հաստատված ակտիվ քաղաքական երկխոսության և խորացող առևտրատնտեսական համագործակցության կապակցությամբ։ Նախարարները արժևորեցին Երևանում և Բաղդադում դեսպանությունների գործունեությունը՝ ուղղված տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը։ Այդ առումով կարևորվել է երկու երկրների միջև ուղիղ չվերթի առկայությունը, շեշտվել է, որ այն լուրջ խթան է հանդիսանում փոխգործակցության ընդլայնման համար։
Հայաստանի և Իրաքի արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել Իրաքում կայունացման գործընթացի, Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարի, փոքրամասնությունների պաշտպանության առնչվող հարցերի շուրջ։
Իբրահիմ Ալ Ջաֆարին ներկայացրել է երկրում անվտանգության ապահովման ուղղությամբ Իրաքի իշխանությունների ջանքերը։