Ինչպես հայտնի է, ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընցացի մասնակից մարզիչները մեկնել են Դորտմունդ:
Առաջին 2 օրերի ծրագիրը բավականին հագեցած է եղել մարզիչների համար, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայկական պատվիրակությունը ներկա է գտնվել Դորտմունդի «Բորուսիայի» մինչև 17 տարեկանների թիմի մասնակցությամբ ընկերական հանդիպման, ծանոթացել է «Բորուսիայի» մարզումային պայմաններին: Երեկ մեր մարզիչները հնարավորություն են ունեցել շփվելու Հենրիխ Մխիթարյանի հետ:
Դորտմունդի «Բորուսիայի» առաջին թիմի մարզումից հետո մեր մարզիչների հետ հանդիպել է թիմի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը: Չնայած նախապես եղել է պայմանավորվածություն, որ հանդիպումը տևելու է կես ժամ, սակայն ծավալվել է շատ հետաքրքիր քննարկում ֆուտբոլային տարբեր հարցերի շուրջ: Մեր մարզիչները մի շարք հարցեր են ուղղել Տուխելին՝ մարզումային գործընթացի, ֆուտբոլիստների հետ տարվող աշխատանքների, տակտիկական նրբությունների վերաբերյալ:
Մոտ մեկուկես ժամ տևած հանդիպման վերջում ՀՖՖ պատվիրակությունը Հայաստանի ազգային հավաքականի անվանական մարզաշապիկ է նվիրել Տոմաս Տուխելին: