տուն Լուրեր Հետևողական վերահսկողություն շինհրապարակների կազմակերպման ուղղությամբ

Հետևողական վերահսկողություն շինհրապարակների կազմակերպման ուղղությամբ

144
0

 21

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքաշինության ոլորտում նախորդ շաբաթ իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 3 դեպք: Արձանագրություններ են կազմվել նաև շինհրապարակների կազմակերպման պայմանների խախտման դեպքերի մասով: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է վերահսկել նաև տեղերում վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատանքն ու նկատվող թերացումների մասով կարգապահական տույժերի ենթարկել թերացողներին, ընդհուպ աշխատանքից ազատում:

«Վերջին տարիներին թյուր կարծիք է ձևավորվել, որ այս մասով կարգապահական տույժերը կիրառվում են միայն քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների նկատմամբ, մինչդեռ վարչական շրջանների համապատասխան ծառայությունների թերի աշխատանքը մնացել է ստվերում: Ըստ այդմ հարկ է, որ տեղերում խստորեն վերահսկվի նաև տվյալ բաժինների աշխատանքն ու նկատվող թերացումների մասով կարգապահական տույժեր կիրառվեն հենց տեղի պատասխանատուների նկատմամբ, ինչը վստահաբար կնպաստի, որ տեղերում առավել հետևողական ու պատասխանատու մոտենան իրենց պարտականությունների կատարմանը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը հանձնարարել է նաև խստորեն վերահսկել տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը, այդ թվում նաև հատուկ ուշադրության կենտրոնում պահել շինարարական հրապարակների սահմանված նորմերով կազմակերպումը:
«Մայրաքաղաքում գործունեություն իրականացնող ինչպես մասնավոր, այնպես էլ պետական կազմակերպությունների կողմից իրականացվող քաղաքաշինական ծրագրերը, լինի դա կառուցապատում, ենթակառուցվածքների փոխարինում կամ վթարի վերացման աշխատանքներ, պետք է իրականացվեն սահմանված նորմերին համապատասխան: Սա օրենքի պահանջ է, և մենք մեր լիազորությունների շրջանակում պետք է խստորեն վերահսկենք ու պահանջենք, որ այն կատարվի բոլորի կողմից: Ի վերջո մեր առօրյայում պետք է արմատավորվի այն մշակույթը, որ տվյալ աշխատանքներն իրականացվեն սահմանված նորմերին համապատասխան ու քաղաքակիրթ եղանակով: Մասնավորապես աշխատանքների իրականացման հատվածների պատշաճ սահմանազատումն ու աշխատանքներն իրականացնող կազմակերպության տարբերանշանով արտահագուստ կրող աշխատակիցների առկայությունը ոչ միայն ներկայանալի տեսք է ապահովում, այլև որոշակի վստահություն է ներշնչում իրականացվող աշխատանքների նկատմամբ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Գնումների գործընթացի հետ կապված զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով նախատեսված բոլոր մրցույթները կազմակերպվել և անցկացվել են պատշաճ եղանակով: Հարկ է նշել, որ 2015 թվականի ապրիլից դրանք կազմակերպվում են էլեկտրոնային եղանակով, ինչն առավել թափանցիկ է դարձրել գործընթացը:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է 43 արձանագրություն, որից 32-ը՝ հասարակական տրանսպորտի կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանման համար: Անդրադառնալով հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող հսկողությանը՝ քաղաքապետը հանձնարարել է խստացնել վերահսկողությունը հատկապես երեկոյան ժամերին և հանգստյան օրերին երթուղիներում անհրաժեշտ շարժակազմի ապահովման ու քաղաքացիների պատշաճ սպասարկումն ապահովելու ուղղությամբ:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտանբերվել և վարչական արձանագրություններ են կազմվել 8 դեպքի մասով: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է չգործող 13 կրպակ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները:
Չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով ամենօրյա հսկողության արդյունքում հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 38 դեպքի մասով:
Կոմունալ տնտեսության վարչությանը հանձնարարվել է համապատասխան ծառայությունների հետ համատեղ արդեն իսկ մեկնարկել գետերի հուների, ինչպես նաև դիտահորերի ու անձրևատարների մաքրման աշխատանքները:
Խորհրդակցության շրջանակում հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, հանրակրթական և մշակութային հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ: Հատկանշվել է, որ կրթամշակութային հաստատություններում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմը և ապահովված է բնականոն ուսումնական գործընթացը: Զեկուցվել է նաև որ շարունակվում են անակնկալ ստուգայցերը քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներ և մանկապարտեզներ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել խստորեն վերահսկել դպրոցներ և մանկապարտեզներ մատակարարվող սննդի գործընթացն ու խոհանոցների աշխատանքի կազմակերպումը:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև արդեն իսկ նախապատրաստել Քանաքեռ-Զեյթուն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում շախմատի դպրոցներ հիմնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Քաղաքապետը նկատել է, որ մինչև տարեվերջ այս երկու դպրոցները հիմնելով, ըստ էության, ինչպես և խոստացվել էր, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում առնվազն մեկական շախմատի դպրոց ունենալու ծրագիրը կամբողջանա:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն