տուն Լուրեր Բլոգ Հետախուզական պատերա՞զմ, թե՞ հետախուզությունների պատերազմական վերջնարդյունք

Հետախուզական պատերա՞զմ, թե՞ հետախուզությունների պատերազմական վերջնարդյունք

145
0

Artak_Beglaryan_Portrait

Քառօրյա պատերազմի մասին դեռ շատ է գրվելու, բայց մենք պետք է հետևողական լինենք դրա օբյեկտիվ ռազմական պատմությունը գրելու և դրա պատճառների ու դասերի մասին խորքային վերլուծություն կատարելու հարցում: Կարծում եմ՝ դեռ ժամանակ ու հնարավորություն կունենամ ավելի մանրամասն անդրադառնալու հարցի գոնե կոնկրետ ասպեկտների, բայց մի կարճ դիտարկում կուզեի անել այս պահին հատկապես «հետախուզական պատերազմ» թեզի վերաբերյալ: Իմ հիպոթեզն այն է, որ դա ամենևին հետախուզական պատերազմ չէր մի շարք պատճառներով: Մասնավորապես՝ նախորդ մի քանի տարվա ընթացքում տեղի ունեցած սպառազինության կուտակումը, քանակական և որակական էսկալացիաները, սահմանագծի վրա ադրբեջանական մարտավարության պարբերական փոփոխությունները, դիվանագիտական ճակատում Բաքվի հռետորիկայի աստիճանական կոշտացումը, Ադրբեջանի ներքաղաքական ու ֆինանսա-տնտեսական խնդիրների խորացումը, Ալիևի վարչակազմի վրա Արևմտյան ճնշման աճը, մեծ տարածաշրջանում անկայունության աղբյուրների առաջացումը, Թուրքիա-Ռուսաստան առճակատումը և դրանից բխող Ադրբեջանի հնարավորությունները, Իրանի աշխարհաքաղաքական զարթոնքի նախադրյալները, ԵՏՄ ինտեգրացիայի գործընթացը, ԼՂՀ միջազգային սուբյեկտայնության բարձրացմանն ուղղված նոր զարգացումները և մի շարք այլ գործոններ հրապուրեցին և ստիպեցին Ալիևին փորձել Արցախը գրավել հենց այս պահին: Բազմաթիվ ցուցիչներ ապացուցում են, որ նրանք հակված էին հնարավորինս մեծ հաջողություններ ունենալ ռազմաճակատում, ինչը հնարավոր չդարձավ միայն մեր զինվորի կամքի ու նվիրումի շնորհիվ: Օրինակ, որոշ զարգացումներ են տեղի ունեցել պատերազմի օրերին, որոնց մասին դեռ չի բարձրաձայնվել, սակայն դրանք վճռական նշանակություն են ունեցել ադրբեջանական հարվածի ողնաշարը կոտրելու գործում: Ավելին՝ «հետախուզական պատերազմի» թեզին կողմնակիցները չպետք է մոռանան, որ քառօրյա պատերազմն ինքնաբերաբար հետախուզություն և ազդակ էր նաև հայոց բանակի համար, ինչի արդյունքում ապրիլի 5-ից հետո մենք ավելի ու ավելի ենք պատրաստ լինելու նոր պատերազմի, քան ապրիլի 1-ին և դրանից առաջ, քանի որ ջրի երես են բարձրացել մեր ու հակառակորդի բանակների թույլ և ուժեղ կողմերը: Հետևաբար, Ադրբեջանը պետք է նախընտրեր «վերջնական» պատերազմ սկսել հայոց բանակի առավել խոցելի ժամանակահատվածում, քան նրան արդիականացվելու և հզորանալու հնարավորություն ու ազդակ տալուց հետո: Այս և մի շարք պատճառներից ելնելով՝ ես հակված եմ կարծելու, որ սա հետախուզական նախորդ գործողությունների տրամաբանական վերջնարդյունքն էր, որի հետ մեծ հույսեր էր փայփայում Ալիևի կլանը, սակայն ստիպված եղավ ստերով և մարտավարական չնչին ձեռքբերմամբ կերակրել սեփական հասարակության գրգռված ախորժակը: Ուստի, իմ կարծիքով, գոնե միջնաժամկետ կտրվածքում պետք չէ ակնկալել Ադրբեջանի նոր լայնածավալ ագրեսիա: Իսկ մենք պարտավոր ենք այդ ժամանակահատվածն օգտագործել սեփական անվտանգության համակարգն ամրապնդելու համար: Հ.Գ. ափսոս, որ աշխատանքային կարգավիճակս զգալիորեն սահմանափակում է իմ վերլուծական գործունեությունը, այլապես հանձն կառնեի այս խնդրի համակողմանի վերլուծության գործը:

Արտակ Բեգլարյան