տուն Արցախ Արագած Մկրտչյան. Քարակերտից Օպերա՝ ոտքով

Արագած Մկրտչյան. Քարակերտից Օպերա՝ ոտքով

302
0

մկտչյան-2-400x375

Araratnews.am-ի արխիվից.

Ղարաբաղյան հերոսամարտը վերջացել է, բայց ազատամարտիկ Արագած Մկրտչյանի համար կռիվը միշտ է շարունակվում, իսկ ինքը՝ միշտ կռվին մասնակից է լինում: Մկրտչյանը 1996 -2007 թթ. Քարվաճառում վաշտի հրամանատար է եղել, իսկ հիմա շարունակում է իր փորձը փոխանցել երիտասարդներին: Ինչպես ցանկացած ազատամարտիկ, Մկրտչյանը ևս մի շարք հետաքրքիր պատմություններ ունի կապված հերոսամարտերի հետ: Այս անգամ նրա հետաքրքիր պատմությունները առիթ ունեցավ լսելու Araratnews.am-ը:

-Պարոն Մկրտչյան, ինչպե՞ս որոշեցիք դիրքերում կռվել:

-Սա ինքնաբուխ որոշում չէր, ես գիտակցում էի, թե ուր եմ գնում: Գնացի դիրքեր, որովհետև մեր պապերը  ժամանակին կռվել են այդ հողերի համար և նվաճել դրանք,  իսկ մենք պարտավոր էինք անկախության համար պայքարել, պաշտպանել և ազատագրել ծովից ծով Հայաստանը: Ես այդ նպատակն ունեի, մանավանդ, որ Առաքել պապս Անդրանիկի զորքից էր: Նրանից շատ պատմություններ եմ լսել, թե ինչպես է կռվել  Անդրանիկի կողքին: Այս պատմությունները տպավորվել են իմ մեջ:

մկտչյան 4

1991 թվական, Աշնակ գյուղ

-Սովորաբար դիրքերում կռված ազատամարտիկները միշտ ինչ-որ հետաքրքիր պատմություններ են ունենում, որոնք լավ տրամադրության ժամանակ պատմում են, Դուք ի՞նչ կպատմեք, ին՞չն է ամենից շատ տպավորվել Ձեր մեջ:

-Այս ժամանակահատվածում շատ հետաքրքիր պատմություններ են եղել: 1988 թվականին, երբ դեռ ՀՀ Անկախությունը չէր հռչակվել, հիշում եմ, թե ինչպես մենք զինակիցներով ոտքով Բաղրամյանի շրջանի Քարակերտ բնակավայրից հասանք Օպերա: Ոտքերներիս տակ կոշտուկ էր եղել: Այս ամենը անկախության համար էինք անում: Հրաշալի ու անմոռանալի օրեր էին:

մկտչյան 1

 1988 թիվ, Քարակերտից Օպերա՝ ոտքով

-Ձեր զինակիցների շարքում եղե՞լ են մարդիկ, ովքեր այսօր ակտիվ են քաղաքանություն մեջ:

-Նման զինակիցներ չեմ ունեցել: Ինքս էլ երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել: Ես կռվող մարդ եմ, ուղեղի ցնցումով եմ հետ եկել դիրքերից և միայն կռվի մասին կարող եմ խոսել: Ինձանից ինչ քաղաքագետ. ես ամեն ինչ սիրում եմ բաց ճակատին ասել:  Զինակիցներիս թվում կան մարդիկ, որոնց հետ մինչև հիմա էլ ընտանիքներով մոտ ենք, շատերի հետ անգամ քավոր-սանիկ հարաբերությունների մեջ ենք:  Ցավոք, զինակից ընկերներիցս ոմանք զոհվել են, ոմանք էլ արդեն մեզ հետ չեն, բայց մենք՝ ողջ մնացածներով, պայքարում ենք մինչև հիմա մեր գործն ավարտին հասցնելու համար:

մկրտչյան 3

1991  թվական Թալին 

-Իսկ որպես ազատամարտիկ պետությունից աջակցություն ստացե՞լ եք:

-Այսօր այնքան մարդ է «ազատամարտիկի» անվան տակ թաքնվում, որ պետությունը մի կերպ կարողանում է նրանց օգնություն ցույց տալ: Որոշակի թեթև աջակցություն ինձ եղել է: Գիտեք, ես դրանից էլ եմ գոհ, լավ է, ես ավելին չեմ էլ պահանջում: Հետո մենք պետությանը պետք է օգնենք, ոչ թե պետությունը մեզ, որովհետև պետությունը երկրի ժողովուրդն է: Կռվող տղաներից ոչ ոք մուրացկանություն չի ուզում:

-Ձեր երեխաների կրթության հարցո՞ւմ էլ ոչ մի աջակցություն չեք ստացել պետությունից:

-Ես երկու տղա, երկու աղջիկ ունեմ: Կրթություն բոլորն էլ ստացել են: Աղջիկներից մեկն, օրինակ, բանասիրական է ավարտել, մյուսը՝ պատմաբանական, և հիմա պատմության ուսուչցուհի է աշխատում: Փոքր տղաս էլ հիմա ծառայում է: Երեխաներիս կրթության հարցում ևս պետությունից աջակցություն չեմ ստացել, բայց դա չի խանգարել, որ իմ երեխաները կրթություն ստանան:

-Ի՞նչ խորհուրդ կտաք մեր զինվորներին:

-Խորհուրդ տալու փոխարեն ես զինակից ընկերներիս հետ նախընտրում եմ գնալ դիրքեր ու մեր փորձով կիսվել նրանց հետ: Մենք գնում ենք դիրքեր, ցույց ենք տալիս, թե ինչպես դիրքավորվել և ինչ անել: Շատ գոհ եմ մեր տղաներից: Մեր բանակը հզոր բանակ է: Չեմ ընդունում, երբ ասում են, որ նոր սերունդը լավը չէ:

 

 Հ.Գ. Այս նկարն արվել է Շուշիի ազատագրման օրը: Եթե ուշադիր նայեք նկարին, ապա կտեսնեք, որ այն ծանոթ է Ձեզ, քանի որ ամեն օր ժամը 00:00-ին, երբ հեռուստատեսությամբ հնչում է ՀՀ հիմնը՝ կադրում երևում է նաև այս լուսանկարը: Այս նկարում մեր հերոսն է (աջից առաջինը)՝ իր զինակից ընկերների հետ:   

մկրտչյան 5

1992 թ. մայիսի 9, Շուշիի ազատագրման օրը:

 

Վարդուհի Ստեփանյան