տուն Լուրեր Հերթեր՝ թաղապետարաններում աղբահանության վարձի համար կամ վճարիր ավելի

Հերթեր՝ թաղապետարաններում աղբահանության վարձի համար կամ վճարիր ավելի

105
0

Araratnews.am-ի խմբագրություն են զանգահարել  բնակիչներ, որոնք դժգոհում են  աղբահանության պարտադիր վարձը վճարելու համար վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ թաղապետարաններում հերթ կանգնելուց: Բնակիչները դժգոհում են՝ նախկինում համատիրության աշխատակիցներն էին հավաքում գումարը կամ թաղապետարանի աշխատակիցը, իսկ այսօր նրանք պետք է հերթ կանգնեն, ժամանակ կորցնեն թաղապետարանում կամ էլ փոստային բաժանմունքում 200 դրամ ավել վճարեն համապատասխան հաշվեհամարով:

Հիշեցնենք՝ աղբահանության գումարն ամսական յուրաքանչյուր անձի համար 200 դրամ է: Յուրաքանչյուր ամսվա համար աղբահանության վարձը պետք է վճարվի մինչև հաջորդ ամսվա 15-ը ներառյալ, իսկ չվճարելու կամ վճարումն ուշացնելու դեպքում վճարման ժամկետին հաջորդող ամսվա 1-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում և գանձվում է տույժ՝ չվճարված գումարի 0,15 %-ի չափով:

2018 թ. դեկտեմբերի 21-ին Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը ավագանու նիստում աղբահանության վարձը վճարողներին հաշվառելու, գումարը հաշվարկելու և գանձելու գործառույթն ամբողջությամբ վերապահվում է վարչական շրջանների ղեկավարներին, որոնք այդ գործառույթը պետք է իրականացնեն իրենց աշխատակազմերի միջոցով։

Araratnews.am-ը զանգահարեց  Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության համատիրությունների հետ աշխատանքի բաժնի պետ Հարություն Խաչատրյանին պարզաբանման համար: Հարություն Խաչատրյանն ասաց, որ հաշվեհամարով վճարումը նախկինում էլ եղել է: «Հիմա անցումային պահ է, կարող են խնդիրներ առաջանալ: Սակայն վարչական շրջանների աշխատակիցներն առաջիկա օրերին եւ մինչեւ փետրվարի 15-ը պետք է հավաքեն ոչ միայն աղբահանության, այլեւ պարտադիր մյուս գումարները, որպեսզի տույժ-տուգանքներ բնակիչների վրա չավելանան»,- ասաց  պարոն Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է փոստային բաժանմունքներում աղբահանության վարձը մուծելիս գանձվող 200 դրամ միջնորդավճարին,  քաղաքապետարանի աշխատակիցն ասաց. «Դրա հետ կապված որեւէ լուծում, քննարկում դեռ չկա»:

Աղբահանության վարձին առնչվող մյուս հարցը տվյալ հասցեում բնակվող անձանց թիվն է: Ինչպես հայտնի է, աղբահանության գումարը գանձվում է ըստ բնակիչների թվի: Քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ հանգստանալու կամ այլ խնդրի համար երկարաժամկետ բացակայում են բնակավայրից: Այդ դեպքում ե՞ւս պետք է վճարեն: Ի պատասխան քաղաքապետարանի աշխատակիցն ասաց, որ բացակայողները պետք է գրավոր դիմում գրեն, տեղյակ պահեն վարչական շրջանի ղեկավարին, որից հետո աղբահանության տվյալների բազայում փոփոխություն կարվի:

«Իսկ եթե չեն գրել, կարող են այլ ապացույցներ բերել, օրինակ՝ եթե մեկ վարչական շրջանից այլ վարչական շրջան են տեղափոխվել, ապա այդ վարչական շրջանից կարող են  բերել թուղթ: Կամ ներկայացնել ՀԷՑ-ից, «Վեոլիա ջուր» ընկերություններից փաստաթղթեր, որոնք փաստում են՝ բնակիչն այդ հասցեում չի ապրում: Հանգստյան տներից, հյուրանոցներից եւս կարող են թուղթ ներկայացնել»,- մանրամասնեց  քաղաքապետարանի աշխատակիցը:

Սոնա Դավթյան