Մայիսի 17-ին անցկացված տեղական հանրաքվեների արդյունքների համաձայն, հանրաքվեի դրված նախագիծն ընդունելի է համարվել միայն Սյունիքի մարզում: Լոռիում եւ Տավուշում՝ ոչ: Այս տեղերում գրանցվել է շատ ցածր մասնակցություն:
Ըստ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի հոդված 35.2-ի, հանրաքվեի դրված նախագիծն ընդունված է համարվում, եթե կողմ են քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը: Չնայած բոլոր երեք մարզերում էլ «Այո» քվեարկողների թիվը «Ոչ»-ից շատ է եղել, սակայն Տավուշում եւ Լոռիում գրանցված համապատասխանաբար՝ 27,6 եւ 39,6 տոկոս մասնակցության պարագայում՝ կողմ քվեարկողների թիվը ընտրողների ընդհանուր թվի մեկ երրորդից քիչ է եղել:
Սյունիքի մարզի Շինուհայր, Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքներում Լիսկայի խիստ վերահսկողությունն անհետեւանք չի մնացել, եւ գրանցվել է 60 տոկոս մասնակցություն, եւ 4396 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 2668-ը: Նրանց 94,1 տոկոսը՝ թվով 2513, «Այո» է ասել խոշորացմանը: Դիմադրողների թիվը եղել է 118: Տանձատափում եւ Քաշունիում բոլորը կողմ են քվեարկել:
Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան եւ Ահնիձոր համայնքներում 3740 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 1482-ը, «Այո» է ասել 1007 ընտրող: Նրանցից 576-ը թումանյանցիներն են, որոնք ուզում են, որ հարակից գյուղերը միացվեն իրենց: Լորուտում եւ Մարցում կողմ են խոշորացմանը:
Տավուշի մարզում մասնակցությունը խայտառակ ցածր է եղել՝ 27,6 տոկոս: Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան եւ Հովք համայնքների 20432 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 5651-ը: Նրանցից 4140-ը խոշորացմանը կողմ է քվեարկել, 1291-ը՝ դեմ: Դիլիջանում 25,7 տոկոս մասնակցություն է եղել: Դիլիջանի 41/1 տեղամասում, որտեղ ցուցակով 1371 ընտրող կա, քվեարկությանը մասնակցել է 139 մարդ:
Հանրաքվեների արդյունքները խիստ վշտացրել են իշխանություններին: Վերջինս ընկել է իր իսկ լարած թակարդը: Յուրաքանչյուր համապետական ընտրություններից առաջ եւ հետո ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը խոսում են ցուցակների ուռճացվածության մասին: Հանրաքվեները ցույց տվեցին, թե ինչպիսի մասնակցություն ու արդյունքներ կարող են լինել, եթե գյուղապետերը չմիջամտեն ընտրություններին, հանրապետականները լծակներ չկիրառեն, ընտրակաշառք չբաժանեն, չկեղծեն, չվախեցնեն, չսպառնան, կուտակումներ ու կարուսելներ չկազմակերպեն, մարդկանց մեքենաներով չտանեն-բերեն:
Հիմա շատերին է հետաքրքրում. ի՞նչ է լինելու հետո: Իշխանությունները արդեն հայտարարել են, որ այս հանրաքվեները խորհրդատվական նշանակություն ունեն եւ դրանք պարզապես բնակչության կարծիքն իմանալու համար են: Խոշորացումը, ամենաբարձր հավանականությամբ, արվելու է: Խոշորացումն ու հանրաքվեներն իրականացվում են միջազգային դոնոր-կազմակերպությունների փողերով, եւ իշխանությունները ցանկանում էին նրանց ցույց տալ, որ ամեն ինչ արվում է ժողովրդավարական սկզբունքներին հավատարիմ: Պլանը տապալվեց:
Մեծամասնության «Այո»-ն ստացան, բայց այդ թիվը բավարար չեղավ՝ նախագիծն ընդունված համարելու համար:
Իշխանություններն իրենց լարած ծուղակի մեջ ընկան: Ուռճացված ընտրացուցակներն իրենց դերը խաղացին: