Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոցում շրջանավարտներն այսօր իրենց «Վերջին զանգի» միջոցառումը սկսեցին լռության րոպեով: Այս դպրոցում է սովորել ապրիլյան պատերազմի ընթացքում արիաբար զոհված 27-ամյա Սասուն Մկրտչյանը: Հարազատ դպրոցի տնօրենն ու ուսուցիչներն ասում են՝ պարզապես չէին կարող չհիշել Սասունին: «Նրան ենք պարտական այսօրվա համար, մեր լինելիության համար»,- ասում է տնօրեն Ազնիվ Միրզոյանը: Սասունի դպրոցական տարիներից դրվագներ վերհիշելով եւ պատմելով՝ դպրոց հրավիրված հերոսի ծնողներին, մտերիմներին ու ընկերներին տնօրինությունը, մինչ «Վերջին զանգի» արարողությունը սկսելը, ուղեկցում է Անդրանիկ Օզանյանի անունը կրող դասասենյակը, որտեղ «հավաքված են» մեր պատմությունը կերտողները՝ Գարեգին Նժդեհը, Անդանիկ Օզանյանը, Սպարապետ Վազգեն Սարգսյանը եւ այլոք… Արդեն մեկ ամիս է ՝ իրենց է միացել նաեւ Սասունը: Դասասենյակի մի անկյունում ուսուցիչները խնամքով դասավորել են Սասունի դպրոցական տարիների լուսանկարները, պատվոգրերը:
«Մեր հերոսներն են, մեր ոգին, մեր ազգային նկարագիրը, Սասունն այսօր այս մարդկանց շրջապատում է, որոնց հետնորդն ինքն է. դարձավ Հերոս, իրենով հպարտանում է ամբողջ մի ազգ»,- նշում է տիկին Միրոզյանն ու շարունակում.- «Յուրաքանչյուր պահի երեխաները դասասենյակ մտնելիս ծածուկ մոետնում են, լուռ կանգնում Սասունի նկարի մոտ. երևի ամեն մեկն իր սրտի խորքում գիտի՝ ինչ է մտածում: Սասունն օրինակ է բոլորի համար»:
«Ձեր տղան հերոս է, Ձեր տղան մեր երկրի հավերժ պաշտպանն է, մենք ազգովին հպարտանում ենք իրենով»,- դիմելով Սասունի ծնողներին՝ ասում է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանը:
Այնուհետև, ներկաները դասասենյակից տեղափոխվում են դահլիճ, որտեղ շրջանավարտների շուրթերից հնչում են Սասունին նվիրված երգեր, բանաստեղծություններ՝ հուզելով միջոցառման մասնակիցներին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Շողիկ ԳԱԼՍՏՅԱՆ